Կարեւոր է հանրօգուտ հաղորդումների հեռարձակումը մեր եթերում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։
«Հանրօգուտ են այն հաղորդումները, որոնք միտված են սոցիալական տարբեր հասակային խմբերին՝ երեխաներին, թոշակառուներին, աշխատողներին, գյուղացիներին եւ որոնք կրթում են այս հասարակությունը,–պարզաբանեց նա։
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահը նկատում է՝ շատ հեռուստաընկերություններ, որոնք կոմերցիոն նպատակներ ունեն եւ սնվում են գովազդի շնորհիվ, նրանց ձեռնտու չէ որակյալ կոնտենտ մատուցել, քանի որ որակյալ կոնտենտը ռեյտինգ չի բերում։ «Անորակ սերիալը՝ կրիմինալով, գողականով, կամ հնդկական սերիալը, կամ ցածրորակ երգչի համերգը ավելի մեծ գովազգային մուտքեր է ապահովում, քան հանրօգուտ կոնտենտը։ Ուստի այդ հեռուստաընկերությունները շահագրգռված չեն որակյալ կոնտնետ մատուցելու հարցում, չես էլ կարող պարտադրել»,–նշեց նա։
Տիգրան Հակոբյանն առաջարկեց պետության օգնությամբ ֆոնդ ստեղծել եւ բոլոր հեռուստաընկերություններին հանրօգուտ կոնտենտի պատվերներ իջեցնել։




























