Մշակույթի նախարարությունում չեն գտել եւ նպատակադրված էլ չեն գտնելու այն անձին, ով շրջանառության մեջ է դրել տեղեկանքը, որտեղ ներկայացվում է, թե նախարարության ենթակայության կազմակերպություններից որոնք են առաջարկել լուծարել, վերակազմավորել կամ վերակազմակերպել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը։
«Չենք գտել եւ այդպիսի նպատակ էլ չենք դրել մեր առջեւ գտնելու՝ ով է շրջանառության մեջ դրել տեղեկանքը ԶԼՄ–ներում, քանի որ այն շրջանառվել է 20–ից ավելի մարդու ներքին փաստաթղթաշրջանառության համակարգում, եւ այն գաղտնի փաստաթուղթ չէ, որ մենք որեւէ մեկի հետապնդենք»,– նշեց Ղարիբյանը։
Վերլուծություն–տեղեկանքի շրջանառության մեջ դրվելը անբարեխիղճ աշխատողի անփոթությո՞ւն էր, թե՞ միտումնավոր արտահոսք, որպեսզի դեռ նախնական փուլում ծանոթանան հանրության վերաբերմունքին. «Բացառված է, որ դա լինի դիտավորյալ արտահոսք։ Ինչո՞ւ։ Եթե նույնիսկ դուք չհավատաք իմ ազնիվ խոսքին, պետք է ասեմ, որ մասնագիտական տեսանկյունից այս տեսքով արտահոսք չէր կարող լինել։ Տեղեկանքը կլրամշակվեր, կհասներ այնպիսի մի աստիճանի, որ ԶԼՄ–ներին տրամադրելու վիճակում լիներ։ Իսկ սա աշխատանքային տարբերակ է, մի տեղ ավելի շատ է վերլուծությունը, մի տեղ ավելի քիչ»։
Հարցին, թե առնվազն տարակուսելի չէ՞, որ «Կոմիտասի անվան ազգային քառյակ» ՊՈԱԿ–ը, որը ստեղծվել է 1924թ.–ից, ըստ վերլուծություն–տեղեկանքի, պետք է միավորվի Կոմիտասի թանգարան–ինստիտուտի հետ, Ղարիբյանը նշեց. «Չենք ուզում միավորել։ Ինքն առանձին ՊՈԱԿ է չորս հոգանոց եւ ունի մի այդքան էլ, եթե ոչ ավել վարչական մաս, եւ ուղղակի այդպիսի առաջարկ է։ Այդ օպտիմալացումը չի նշանակում կրճատել, նշանակում է բարելավել գործունեության պայմանները։ Մտածեցինք՝ քանի որ Կոմիտասի ինստիտուտն ունի հետազոտական բաժին, նաեւ բեմ եւ սրահ, եւ համերգներ է կազմակերպում, ուղղակի այսպիսի առաջարկ է, որ գուցե իրենք գնան կամ որպես մասնաճյուղ կամ առանձին մարմին, բաժին, բայց իրենց կարգավիճակը կամ ազգային կոչումը կպահպանվի։ Իրենք երբ որ հիմնվել են խորհրդային տարիներին, գործել են ուրիշ օրենսդրությամբ, հիմա մենք անկախ Հայաստանում ստեղծել ենք ՊՈԱԿ հասկացությունը եւ իրենք այդպես են գրվել, հիմա վաղը կարող ենք ՊՈԱԿ հասկացությունը զարգացնենք, դարձնենք հիմնադրամ, իրենք կդառնան հիմադրամ։ Հիմա սա աշխատանքային առաջարկ է, որ իրենք ավելի լավ պայմաններում աշխատեն»։
Ինչ վերաբերում է «Ալեքսանդր «Սպենդիարյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ը «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ դարձնելու առաջարկությանը, ապա, ըստ Ղարիբյանի. «Այդպիսի բան չկա, բայց եթե կա... Դա աշխատանքային թուղթ է, որը կիսատ է մնացել, որովհետեւ մենք խնդիր ունենք տուն–թանգարանները արժևորելու, վերագործարկելու, հավասարեցնելու բոլորի մակարդակը, արժեքը եւ գործառույթը, եւ դա դարձնել տուրիստական բրենդ–փաթեթ։ Եվ այդ ընդհանուր գաղափարի մեջ միտք կա տուն–թանգարաններ առանձին մարմին ունենալ, որը կունենա կենտրոնական կառավարում, որին բոլորը կմիանան եւ առանձին փաթեթով կկարողանանք արժեւորել որպես թանգարանային առանձին գործունեություն, եւ այսպիսով կարգավորել իրենց միջեւ եղած հսկայական տարբերությունները։ Օրինակ, բոլորը գիտեն Փարաջանովի տուն– թանգարանն ինչպիսի մեծ հոսքեր ունի, մենք ունենք Կոջոյանի տուն– թանգարան, որտեղ օրը մի քանի մարդ է մտնում։ Սրանք բոլորը մտահոգություններ են, որոնք քննարկում եւ վերլուծում ենք»։
Ղարիբյանը նորմալ է վերաբերվում իր հասցեին այս օրերին հնչող քննադատությանը։ «Դա նորմալ է, եթե այպիսի աշխատանքային թուղթ դուրս է գալիս, պարզ է, որ յուրաքանչյուրն իր վրդովվելու պատճառը կգտնի»։
Հարցին, թե արդյոք այդ վերլուծություն–տեղեկանքը դառնալո՞ւ է նախագիծ եւ ե՞րբ, Ղարիբյանն ասաց, որ դեռ չգիտի. «Դա սեւագիր տարբերակ է, առաջին վերլուծության արդյունք, որ մենք արել ենք»։ Նա դժվարացավ նշել, թե վերլուծություն–տեղեկանքը, որի վրա նախարարությունում մի քանի ամիս աշխատել են, երբ կստանա փաստաթղթի կարգավիճակ։ «Եթե հասնի այն փուլին, որ տեղեկանքը դառնա նախագիծ, ապա այն կդառնա հասանելի հանրությանը, եւ առաջին հերթին ՊՈԱԿ–ների տնօրեններին, շահագրգիռ կազմակերպություններին»։
Հարցին՝ մտավախություն չունի՞, որ դա համատարած ըմբոստության ալիք կբարձրացնի մշակույթի գործիչների շրջանում, Ղարիբյանն ասաց. «Դե, եթե վախենայի, ի սկզբանե այդ աշխատանքը չէի ընդունի»։
Նշենք, որ, ըստ մամուլում շրջանառվող տեղեկանքի, առաջարկվել է, մասնավորապես, լուծարել. «Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոն» ՊՈԱԿ-ը, «Հայաստանի երգի պետական թատրոն» ՊՈԱԿ-ը, «Հայ հոգևոր երաժշտության կենտրոն» ՊՈԱԿ–ի լուծարման հիմքում նշվում է, որ իրականացվող գործառույթները համընկնում են «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ի գործառույթների հետ, հետևաբար առաջարկվում է ներառել վերջինիս կազմում։
«Երևանի կամերային պետական թատրոն» ՊՈԱԿ-ն առաջարկվում է լուծարել՝ մասնավոր կարգավիճակի անցնելու նպատակով:
«Պետական կամերային երաժշտական թատրոն» ՊՈԱԿ-ի դեպքում առաջարկվում է միավորել Պարոնյանի թատրոնին կամ լուծարել՝ պետական կարգավիճակից մասնավորի անցնելու նպատակով:
«Փայտարվեստի թանգարան» ՊՈԱԿ-ն էլ առաջարկվում է միացնել «Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» ՊՈԱԿ-ին եւ այլն:





























