Թալիշների ձայնը, կարծես թե, վերջապես լսել են Եվրոպայում։ Ամեն դեպքում նման տպավորություն է ստեղծում «Թոլիշի սադո» («Թալիշների ձայն») թերթի այժմ արդեն հանգուցյալ խմբագրի՝ Նովրուզալի Մամեդովի այրու հայցով օրերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդունված որոշումը։

Մամեդովի պատմությունը լի է ողբերգականությամբ։ Մի քանի կալանավորումներից հետո (2007թ․ փետրվարի 2-ին, այնուհետեւ ազատ է արձակվել եւ փետրվարի 3-ին կրկին կալանավորվել) Մամեդովը 2008թ․ հունիսի 24-ին դատարանի կողմից մեղադրվել է պետական դավաճանության եւ իրանական հետախուզության հետ համագործակցելու մեջ։ Բանտում Մամեդովը ենթարկվել է ֆիզիկական ճնշման եւ կտտանքների։ Չնայած նրան, որ Մամեդովը լուրջ հիվանդ էր, նրան բժշկական օգնություն չեն ցուցաբերել եւ դեղորայք չեն տվել։

Միաժամանակ, Մամեդովին շանտաժի են ենթարկել՝ սպառնալով, որ կձերբակալեն նրա որդիներին։ 2009թ․ օգոստոսի 17-ին Ն․ Մամեդովը մահացել է բանտում։

Առաջինը այն ժամանակվա ԱԱՆ (հիշեցնենք, որ այս հաստատության ղեկավարությունը պաշտոններից հեռացվել էր, իսկ կառույցը խայտառակ կերպով լուծարվել) աշխատակիցների դաժան վերաբերմունքից բողոքով ՄԻԵԴ էր դիմել ինքը՝ Մամեդովը։ Հանգուցյալի կինն ու որդին, Ն․ Մամեդովի մահվան հետ կապված, նոր բողոք էին ներկայացրել։ 2011թ․ ապրիլի 16-ին մահացել է Մամեդովի որդին, եւ նրա կինը շարունակել է նրա փոխարեն մասնակցել ՄԻԵԴ-ի դատական գործընթացին։ Ն․ Մամեդովը լեզվաբան էր եւ աշխատում էր Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի Լեզվաբանության ինստիտուտում։ Նա թալիշ էր եւ թալիշական լեզվի ուսումնասիրություններ էր կատարում։ Մամեդովը նաեւ «Թոլիշի սադո» երկլեզու թերթի խմբագիրն էր եւ պարբերաբար այնտեղ հոդվածներ էր հրապարակում։

Հայրենիքում Մամեդովի մահվան փաստով քրեական գործ մերժել են հարուցել՝ «հանցանշանների բացակայության» պատճառով։ Սակայն ՄԻԵԴ-ը ճանաչել է Ն․ Մամեդովի իրավունքների խախտումը մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք), 3-րդ (կտտանքների արգելք), 5-րդ (ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունք) հոդվածներով եւ վճռել է նրա այրուն՝ Մարիամ Մամեդովային, որպես փոխհատուցում, վճարել 20 000 եվրո, եւ եւս 4000 եվրո՝ դատական ծախսերի համար։

Պետք է նշել, որ պարբերաբար իրականացվում են թալիշների, մանավանդ ԶԼՄ-ների հետ կապ ունեցող թալիշական համայնքի ներկայացուցիչների հետապնդումներ։

Անցյալ տարվա հունիսին կալանավորվել էր «Թոլիշի սադո» թերթի գլխավոր խմբագիր Ռաֆիկ Ջալիլովը։ Ինչպես հայտնում է Turan-ը, լրագրողին տարել են ոստիկանության Լենքորանի շրջանային բաժանմունք, որտեղ նրան մանրամասն հարցեր են տվել թերթի գործունեության մասին։ Աղաղակող փաստ, Ջալիլովի հետ միասին ոստիկանությունում մի քանի ժամ պահել են նաեւ նրա երկու քույրերին, եղբորը եւ հղի դստերը։

Թալիշական ծագումով եւս մեկ ադրբեջանցի լրագրող, Մշակույթի թալիշական խորհրդի անդամ, թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի սադո» թերթի թղթակից Շահին Միրզոեւին հրաշքով է հաջողվել փրկվել։ Ազգային եւ կրոնական փոքրամասնությունների հանդեպ ճնշումների եւ նրանց իրավունքների խախտման պատճառով ստիպված լինելով փախչել Ադրբեջանից՝ Շահին Միրզոեւը ընտանիքի հետ միասին եկել է Հայաստան եւ ապաստան խնդրել։ «Թալիշստանը ներկայում ապրում է այն նույն բանը, ինչ որ մի ժամանակ Լեռնային Ղարաբաղը։ Ադրբեջանցի թալիշները փաստացի գտնվում են տեղեկատվական բլոկադայի մեջ։ Եվ բոլորին, ով փորձում է որեւէ կերպ խոչընդոտել դրան, դաժան պատիժ է սպասում»,- հայտարարել է Միրզոեւը։ Նրա խոսքերով, իշխանությունների կողմից ճնշումների պատճառով Ադրբեջանը վերջին տարիներին 300 000 թալիշ է լքել։ «Մինչ քաղաքական գործիչները մտածում են, Թալիշում հասունանում է այն, ինչը Ղարաբաղում էր։ Ադրբեջանում ավելի քան երկու միլիոն թալիշ կա։ Ինչպե՞ս կարելի է նրանց ոչնչացնել։ Իսկ աշխարհը կողքից կնայի՞։ Դա անհնար է»,- այն ժամանակ ասել էր Շահին Միրզոեւը։

Միաժամանակ, ԱՀ իշխանությունների կողմից հալածանքների պատճառով աճում է երկիրը լքել ցանկացողների, այդ թվում դեպի Հայաստան հեռացողների թիվը։ Այսպես, Հայաստանի փախստականների կոմիտեի տվյալներով, վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանի իշխանություններին ապաստան տրամադրելու խնդրանքով դիմել է Ադրբեջանի 11 քաղաքացի։ Նրանցից 10-ը դրական պատասխան է ստացել։ Այդ մարդկանց անձին վերաբերող տվյալները չեն կարող հրապարակվել, քանի որ Ադրբեջանի իշխանությունների գործողությունները կասկածի տեղ չեն թողնում՝ այդպիսի տեղեկատվության հրապարակումը կարող է լուրջ վտանգ ներկայացնել այդ անձանց համար։