«Հողեր չունենք տալու» կարգախոսը կրող հանրահավաքը զգաստանալու և զգաստացնելու համար է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, Ազատության հրապարակում «Հողեր չունենք տալու» կարգախոսով հանրահավաքին լրագրողների հետ զրույցում ասաց «Երդվյալ ազատամարտիկների միության» նախագահ Ռուբեն Գևորգյանը։
Նա, սակայն, չի շտապում մեղադրել գործող իշխանություններին. «Դա դեռ հարց է՝ գործող իշխանությունները հող հանձնող են, թե հող հանձնող չեն։ Եղած իրավիճակում, սակայն, զգաստանալը և զգաստացնելը ճիշտ է»։
Հարցին՝ իրենց կարծիքով իշխանությունները բավականաչափ զգա՞ստ չեն, Ռուբեն Գևորգյանը դժվարացավ պատասխանել. «Ես չգիտեմ՝ զգաստ են, թե զգաստ չեն, համենայն դեպս, մենք որպես հայրենասեր տղաներ, երկրի համար պայքարած տղերք, պարտավոր ենք մեր խոսքը ասել»։
Նա շեշտեց՝ սա ակցիա չէ իշխանության դեմ. «Մենք քայլեր ենք անում, որ միջազգային հանրությունը զգա, որ մեր երկրում միանշանակ չէ հողերի, տարածքների հարցը»։
Հիշեցնենք, որ «Հողեր չունենք տալու» կարգախոսով հանրահավաքը մեկնարկել է Ծիծեռնակաբերդից` Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված հուշաքարի մոտից, որտեղից հանրահավաքի մասնակիցները շարժվել են դեպի Ազատության հրապարակ, որտեղ կարճ հավաքից հետո քայլերթով կշարժվեն դեպի «Եռաբլուր» պանթեոն:





























