Ոչ մի իշխանություն լիազորված չէ ազատագրված հողերը հանձնելու, զիջումների մասին բանակցելու։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք չունենք զիջելու» կարգախոսով հանրահավաքի կազմակերպիչներից, «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար Արշակ Զաքարյանը։

Նա շեշտեց՝ մեր զիջումն արդեն արել ենք, հողերի 90 տոկոսը զիջել ենք օտարներին. «Մենք ասում ենք այսօրվա վարչապետին, վաղվա վարչապետին եւ հաջորդ բոլոր իշխանություններին, որ նրանք, երբ գնում են բանակցությունների, այս հարցը, եթե իրենց առաջ դրվում է՝ նրանք իմանան, որ հայ ազգն այդ հարցի հետ երբեք չի հաշտվելու։ Նրանցից ոչ մեկ լիազորված չի լինելու քննարկել հողեր հանձնելու հարցը»։

Արշակ Զաքարյանի խոսքով՝ եթե վարչապետն այդպես է մտածում, ապա այս ամբողջ ժողովուրդը նրա թիկունքին կանգնած է։ «Որեւէ վարչապետ, նախագահ, թագավոր, լիազորված չի լինելու այս հարցով բանակցել մեր թշնամիների հետ»,– եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ «Հողեր չունենք տալու» կարգախոսով հանրահավաքը մեկնարկել է Ծիծեռնակաբերդից` Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված հուշաքարի մոտից, որտեղից հանրահավաքի մասնակիցները շարժվել են դեպի Ազատության հրապարակ, որտեղ կարճ հավաքից հետո քայլերթով կշարժվեն դեպի Եռաբլուր: