Խորենացու 13 հասցեում, «Շիրակ» հյուրանոցի հարեւանությամբ գտնվող շենքն ապամոնտաժվել է դեռեւս 2004թ.-ին, որի ժամանակ պահպանվել է միայն դիմային հատվածը:

Այս առնչությամբ Երեւանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.

«Ի սկզբանե, 2004թ.-ին շենքը մասնավորեցվելուց հետո, սեփականատերերն իրենց ներկայացված նախագծերով չեն նախատեսել ճակատային հատվածի պահպանում: Շինությունը հուշարձան շենք չէ, ինչպես նաեւ ներառված չէ Երեւան քաղաքի՝ ճարտարապետական տեսակետից արժեքավոր ճակատներ ունեցող շենքերի կազմում:

2017թ. հողամասը ձեռք է բերել «Արմսվիս Փրոփերտիս» ՓԲԸ-ն, որը դիմել է Երեւանի քաղաքապետարան՝ շենքի կիսաքանդ ճակատային հատվածը ապամոնտաժելու եւ տեղում ստորգետնյա հարկերով բիզնես կենտրոն կառուցելու նպատակով:

Ներկա պահին ապամոնտաժման աշխատանքներն իրականացվում են համաձայն նախագծի եւ 08.02.2019թ.-ին տրամադրված քանդման թույլտվության հիման վրա: Ի դեպ, ընկերության կողմից ներկայացված բիզնես կենտրոնի կառուցման էսքիզային առաջարկով խնդրո առարկա ճակատը նոր մոտեցմամբ վերականգնվելու է՝ դառնալով համալիրի ինտերիերի բաղկացուցիչ մասը:

Հարկ է նշել, որ տասնյակ տարիների ընթացքում տեղումների հետեւանքով շենքի ճակատային հատվածը խարխլվել է:

Կից ներկայացվում են բիզնես կենտրոնի էսքիզային երկու տարբերակները: