Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանի «գործը» Ադրբեջանի իշխանությունները կարել են ոչ թե սպիտակ, այլ կեղտոտ թելերով։ Այս մասին ասել է Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Իրավական կամայականության դեմ» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով այսօր Ղազարյանի հանդեպ կայացված դատավճիռը՝ 20 տարի ազատազրկում։
«Ադրբեջանի քաղաքական համակարգը ոչ թե պարզապես դեմ է գնում միջազգային նորմերին, այլ ուղղակի հակադրում է իրեն դրանց, առաջին հերթին՝ Միջազային մարդասիրական իրավունքի նորմերին։ Ադրբեջանի իշխանություններին հաստատ հայտնի է, որ Կարեն Ղազարյանը հանցագործ չէ։ Ադրբեջանի իշխանությունները խաղ են վարում հօգուտ երկու անձի, որոնք մեղավոր են երկու մարդու, այդ թվում անչափահաս պատանու սպանության մեջ (Ասքերովը եւ Գուլիեւը դատապարտվել են Լեռնային Ղարաբաղի դատարանի կողմից- խմբ.)»,- նշել է Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով, որ պատահական չէ, որ հարեւան երկրի հայտարարությունները հանգեցվում են ուժի իրավունքի հռչակմանը։ «Իրականում տեղի ունեցածը հենց Ադրբեջանի թուլության եւ անզորության դրսեւորում է»,- ընդգծել է իրավապաշտպանը։ Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ իրենք մտադիր են այս հարցով դիմել Կարմիր խաչի միջազգային կոմիտե՝ Ղազարյանին շուտափույթ այցելելու նպատակով, եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ։
«Կարեն Ղազարյանը հաշվառված է հոգեբուժական դիսպանսերում, բանակում չի ծառայել։ Ղազարյանի գործը պարզապես կարված է կեղտոտ թելերով՝ փորձելով վերադարձնել եւ հերոսականացնել երկու մարդասպանի»,- նշել է Ալավերդյանը։
Իրավապաշտպանը նաեւ ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է դատապարտյալների՝ Արսեն Բաղդասարյանի եւ Կարեն Ղազարանի շտապ հանձնման գործընթաց սկսեն։





























