Փետրվարի 26-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում «Հայկական գենոմ» նախագծի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների, ՀՀ առաղջապահության նախարարության, բժշկական հաստատությունների, ԲՈՒՀ-երի, բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչներ:

Նախագծի քննարկումը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի կողմից:

ՀՀ առողջապահության նախարարությունը եւ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը պետք է համատեղ մշակեն «Հայկական գենոմ» նախագծի մանրամասն ռազմավարություն, ճանապարհային քարտեզ եւ բյուջեի ժամանակացույց, աշխատեն պոտենցիալ հետաքրքրություն ունեցող անձանց շրջանակի հստակեցման եւ ներդրողների ներգրավման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում «Հայկական գենոմ» նախագիծը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը: «Հայկական գենոմ» նախագիծն ուղղված է մեր երկրում գենոմիկայի ոլորտի զարգացմանը, ինչը դրական ազդեցություն կունենա ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ինստիտուտների հետազոտական հնարավորությունների ընդլայնման, կիրառական գիտության եւ հանրային առողջապահության արդյունավետ քաղաքականության մշակման համար:

«Սույն նախագծով Հայաստանը հնարավորություն է ստանում համալրել գենոմի վերծանման նմանօրինակ ազգային նախաձեռնությունների շարքը, որոնք արդեն իսկ մեկնարկել են աշխարհի տարբեր երկրներում` ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Էստոնիայում, Թուրքիայում»,- ասաց ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը:

Հանդիպման մասնակիցները կարեւորեցին նախագծի իրականացումը եւ պատրաստակամություն հայտնեցին համագործակցել նախագծի շրջանակներում: