Մեր իշխանությունները ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա գործում են աչքաչափով, կարեւորը հնչեղ նպատակն է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 28-ին, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում իր ելույթում նշեց ԵՊՀ Իրավագիտության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանը:
«Երկու ակնհայտ ճշմարտություններ ունենք․ հասարակությունը բեւեռացված է, եւ դա հասել է նաեւ մեր համալսարանին: Երբ նախկին նիստը տեղի ունեցավ, ես մտածեցի, որ հեղափոխության ալիքը ի ոուրախություն ինձ, վերածվեց էվոլյուցիայի, որն ավելի ճիշտ ճանապարհ է: Երկրորդ ակնհայտ ճշմարտությունն այն է, որ համալսարանին, որպես ազգային արժեքի, ոչ մի դեպքում՝ որեւէ վնաս չպետք է հասցնենք»,- ասաց նա՝ հավելելով, որ պետք է փորձեն համալսարանը հեռու պահել քաղաքականությունից, իսկ հարցերը պետք է լուծվեն միայն օրենքով:
Նա ընդգծեց, որ այն փաստարկները, որոնք ներկայացված են հոգաբարձուների խորհրդի անդամներին, իրավական առումով շատ խոցելի են եւ ադեկվատ չեն արտացոլում իրավիճակը:
Արթուր Վաղարշակյանը հայտարարեց, որ ԵՊՀ-ի գործունեությունը կարգավորվում է «Հիմնադրամների մասին», «Կրթության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական կրթության» մասին օրենքներով եւ ենթաօրենսդրական ակտերով: «Միանշանակ ասել, որ այս իրավիճակում պետք է ղեկավարվել «Հիմնադրամների մասին» օրենքով, ճիշտ չէ, այն արտաքին հարաբերություններին է վերաբերում:
Նրա խոսքով՝ իրավական եզրակացությունն այն է, որ այս խնդրի լուծման համար հիմք պետք է լինի ոչ թե «Հիմնադրամների մասին» օրենքը, այլ «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական կրթության» մասին օրենքները, իսկ իրենց ներկայացրած վերլուծությունը հիմնված է միայն «Հիմնադրամների մասին» օրենքի վրա»:
Արթուր Վաղարշակյանն ընդգծեց, որ պետությունը ստեղծել է իրավական մուտացիա, որ իրենք ժամանակին նշել են, որ պետք է նոր կրթական հիմնադրամների մասին օրենք. «Բայց մեր իշխանությունները ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա գործում են աչքաչափով, կարեւորը հնչեղ նպատակն է»:
Արթուր Վաղարշյանը նաեւ նկատեց, որ «Կրթության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» օրենքներում ոչ մի խոսք չկա ռեկտորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին, այդ մասին կա միայն «Հիմնադրամների մասին» օրենքում:





























