Հայաստանի խորհրդարանի պատգամավոր եղած ժամանակ որեւէ կաշկանդվածություն չեմ զգացել։ Այս մասին փետրվարի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ մեկնաբանելով խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ միայն իշխանափոխությունից հետո են պատգամավորներն ազատ գործելու հնարավորություն ստացել։
Ըստ Փոստանջյանի՝ ինքը չի սպասարկել որեւէ մեկի շահերը, ուստի կաշկանդված չի եղել գործելիս եւ դիքորոշում արտահայտելիս։ «Ընդդիմադիր լինելը պետք է արտահայտվի գաղափարախոսության եւ ծրագրերի մակարդակով։ Ընդդիմությունը պետք է հանդես գա իր դիրքորոշմամբ այն հարցերի եւ խնդիրների վերաբերյալ, որոնց մեր երկիրը բախվել է։ Իշխանության հետ նույն գիծն իրականացնող քաղաքական ուժերը չեն կարող համարվել ընդդիմություն»,- նշել է նա՝ հավանաբար նկատի ունենալով գործող խորհրդարանական ընդդիմությունը, որը հայտարարում է «թավշյա հեղափոխությանն» աջակցելու մասին։





























