Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր՝ փետրվարի 28-ին, պետք է շարունակվեր Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշման դեմ բողոքի քննությունը: Պաշտպանական կողմը դատարանում վիճարկում է ՀՀ հատուկ քննչական ծառայության որոշումը՝ Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ: Այսօրվա նիստին մինչ բողոքի քննությանն անցնելը դատավոր Արտուշ Գաբրիելյանը դիմեց կողմերին՝ իր բացակայությամբ քննարկելու ինքնաբացարկի անտեսման հարցը:

«Որպեսզի անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկածներ չլինեն սույն գործով իմ անկողմնակալության վերաբերյալ օրենքով սահմանված կարգով դիմում եմ կողմերին իմ բացակայությամբ քննարկել ինքնաբացարկի անտեսման հարցը»,- ասաց նա՝ նշելով, որ ինքը կարող է գործով անկողմնակալ լինել։

Բանն այն է, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը 2018 թվականի դեկտեմբերի վերջին առանց պաշտպանական կողմի քննել էր Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը եւ բավարարել այն: Դրանից հետո պաշտպան Միհրան Պողոսյանի հաղորդման հիման վրա դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, բացի դա՝ Միհրան Պողոսյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ:

Պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար։ Այպիսով այսօրվա դատական նիստը հետաձգվեց։

Հիշեցնենք, որ 2018 թ. դեկտեմբերի 30-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Վահագն Հարությունյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանքի որոշում կայացրեց։

Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար մեղադրվող Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է 2018թ. դեկտեմբերին։

Նա, որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում էր կայացրել նաեւ 2018թ. նոյեմբերի 2-ին՝ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար։ Սակայն դեկտեմբերի 12-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր առաջին ատյանի որոշումն ու վերացրել Վահագն Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի որոշումը։

Վահագն Հարությունյանն այս տարվա հուլիսին ազատվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից: