«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ կեսօրին է քայլերթով ուղևորվելու դեպի Մյասնիկյանի արձան՝ հարգանքի տուրք մատուցելու  Մարտի 1-ի 10 անմեղ քաղաքացիների հիշատակին:

«Մարտի 1-ին ժամը 11։00-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության և համանուն խմբակցության անդամները Երևանի Սբ. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում կմասնակցեն Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողությանը, որից հետո քայլերթով կուղևորվեն դեպի Մյասնիկյանի արձանին հարող խորհրդանշական վայր՝ հարգանքի տուրք մատուցելու 11 տարի առաջ դաժան սպանդի զոհ դարձած 10 անմեղ քաղաքացիների հիշատակին»,- ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Մարտի 1-ի իրադարձությունների 11-րդ տարին կնշանավորվի քաղաքացիական հզոր երթով՝ Ազատության հրապարակից մինչև Մյասնիկյանի հուշարձան՝ բոլորին մարտի 1-ին՝ ժամը 18:30-ին հրավիրելով Ազատության հրապարակ:

Նշենք, որ ԲՀԿ-ն ևս առանձին երթով է մասնակցելու Մարտի 1-ի հիշատակի միջոցառումներին։ ԲՀԿ–ից NEWS.am-ին հայտնեցին, որ իրենց երթը նախատեսվում է ժամը 13։00–ին։