Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրի՝ երկարամյա աշխատանքային փորձ ունեցող լրագրողներ Լիանա Կարապետյանի և Սիրանուշ Մուրադյանի աշխատանքային պայմանագիրն այսօրվանից լուծված է։ Այս մասին այսօր՝ մարտի 1–ին, NEWS.am–ին հայտնեց Լիանա Կարապետյանը։
Աշխատանքից ազատման պատշոնական հիմնավորումը հաստիքների կրճատումն է, իսկ ոչ պաշտոնականը՝ նրանք «հին» են։
Կարապետյանը նշեց, որ Ամանորյա տոներից հետո՝ հունվարի 11-ին, Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության նորանշանակ ղեկավար Պետրոս Ղազարյանը հրավիրված ժողովի ընթացքում հայտարարել է, որ կրճատվում են, որովհետև հին են։
Լրագրողի խոսքով՝ շուրջ 2 ամիս իրեն և գործընկերոջը մեկուսացրել են «Լուրերի» աշխատանքից։
«Շուրջ 2 ամիս ես ու Սիրանուշը պահել ենք օրենքի տառը և ամեն օր 6-8 ժամ անցկացրել մեր «մեկուսարանում» լուրերի աշխանքից հեռացված․․․ Մեկուսացնելու իրավունք չունեին՝ մեր պայմանագիրը խզվելու էր մարտի 1-ին։ Ծանուցումից մինչև մարտի մեկ՝ մոտ երկու ամիս, մենք պիտի աշխատեինք սովորականի պես, ուղղակի տեղեկացված՝ չեն ուզում գործ ունենալ «հին աշխատողների» հետ․․․»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրողը։
Աշխատանքից ազատված լրագրողները հայցադիմում են ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու վարչական ակտը վերացնելու պահանջի մասին։
Գործը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Սամվել Հովակիմյանին։ Այս գործով առաջին դատական նիստը նշանակված է ապրիլի 30–ին։





























