ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Գավառ քաղաքում մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժնի շենքի բացման արարողությանը։ Շենքի բացմանը ներկա են գտնվել նաեւ մարզի իրավապահ ոլորտի պատասխանատուները։
Այս մասին հայտնում են ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: ՀՀ ՔԿ նախագահը շրջել է շենքում, ծանոթացել նոր աշխատանքային պայմաններին։
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժնի շենքը հիմնովին վերանորոգվել է: Քննչական բաժինը կահավորվել է, ապահովվել ժամանակակից տեխնիկայով, ինտերնետ կապով եւ համակարգչային ներքին ցանցով:
Բաժինն ունի 13 աշխատանքային սենյակ, hսկիչ-անցագրային կետ: Նախատեսվել են առանձին սենյակներ՝ իրեղեն ապացույցների պահպանման, անչափահասների հարցաքննության համար:
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը կարեւորել է քննիչների աշխատանքային պայմանների բարելավումը՝ նշելով, որ այն քննիչներին հնարավորություն կընձեռի օրենքով նախատեսված ծառայողական պարտականությունները կատարել ավելի արդյունավետ:
ՔԿ նախագահը շնորհակալություն է հայտնել կառավարությանը՝ շենքի հիմնանորոգման համար բյուջեից գումար հատկացնելու համար:
ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է հետեւողական քայլեր ձեռնարկել՝ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների աշխատանքային պայմանները բարելավելու ուղղությամբ:





























