Եթե եղել են չարաշահումներ, թող դիմեն իրավապահներին. մինչ օրս ես որեւէ նման փաստի չեմ առնչվել: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով փաստին, որ Ուրցաձորի բնակիչները բողոքի ակցիաներ են անում եւ հայտարարում, որ համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրված Ռաֆիկ Անդրեասյանը ընտրակաշառքով է ընտրվել:
Այս առնչությամբ Պապիկյանն ասաց. «Անկախ նրանից համայնքապետը հին էր, թե նոր, ընտրությունների արդյունքում հաղթանակ է տարել հենց այդ անձնավորությունը: Մեր գործառույթն է պաշտպանել բոլորի իրավունքները, այդ թվում ընտրված համայնքապետի: Եթե ի հայտ կգան այլ հանգամանքներ, որոնց առկայությունն անհամատեղելի կլինի համայնքապետի հետագա կառավարման առումով, օրենքի շրջանակներում դա կիրագործվի: Այս պահի դրությամբ չկան փաստեր, որ որեւէ մեկի պաշտոնավարումն անհամատեղելի լինի: Համայնքն է որոշել, թե ում է ընտրում: Եթե կան փաստեր, թող դիմեն պատկան մարմիններին»:
Դիտարկմանը, որ Պետական վերահսկողական ծառայությունն իրավունք չուներ մտնել ու գյուղապետարանի բյուջեն ստուգել, Պապիկյանն ասաց. «ՊՎԾ-ն քաղաքացիների դիմումով պարտավոր էր գնալ եւ տեղում ծանոթանալ բարձրացված խնդիրներին: Դա իրականացվել է, իսկ թե ինչ արդյունքներ են արձանագրվել, տրվել են պատկան մարմիններին»:
Հիշեցնենք, որ երկարատեւ բողոքի ակցիաների հետեւանքով համայնքապետ ռաֆիկ Անդրեասյանը հրաժարական էր տվել, սակայն նոր ընտրություններում կրկին հաղթել էր ու դարձել համայնքապետ:





























