ՀՀ ոստիկանապետի նախկին խորհրդական, հասարակական գործիչ Նարեկ Մալյանի հետ կապված միջադեպի կապակցությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունից NEWS.am–ին  հայտնում են, որ մարտի 4-ին, կեսգիշերն անց, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեի մոտ միջադեպ է տեղի ունեցել: Տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել  և բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի և հրավիրել մեկ քաղաքացու:

Բերման ենթարկված անձինք բաց են թողնվել:

Նախապատրաստվում են նյութեր:

Նշենք, որ կեսգիշերին Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով հայտնել էր, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները հարձակվել են իր վրա, 10 հոգով մոտեցել և փորձել են քաշքշել ու ճանկռել, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն:

Նա նաեւ հայտարարել է, որ  մարտի 4-ին, ժամը 13:00-ին Երևանի պետական համալսարանի բակում սպասելու է միջադեպի մյուս մասնակիցներին:

Ավելի ուշ՝  «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը Facebook-ի ուղիղ եթերում խոստովանել է, որ Նարեկ Մալյանի հրա հարձակվողներն իրենք են եղել:

Նարեկ Մալյանն այսօր առավոտյան հայտարարեց, որ ինքը  կանխատեսել էր այդ հարձակումը:

«Կանխատեսել էի, որ կսպառվի ապուշների զինանոցը և իրենք գործի կդնեն իրենց ապուշության գագաթնակետը, այսինքն՝ բռնության կդիմեն»,–ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարել էր նա։

Մալյանը նաև հայտնեց, որ ոստիկանությունում իրեն համոզում էին, որ ցուցմունք տա, որ իրեն ծեծել են:

«Բայց ինձ չեն ծեծել: 14 հոգով ոչինչ չեն արել»,- ասաց նա:

Մալյանը հայտարարեց, որ այսօր ԵՊՀ շենքի դիմաց կազմակերպելու են «Սորոսի» հայաստանյան գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի քաղաքացիական հոգեհանգիստը: «Իրենց հանրային աջակցությունը հավասարվել է զրոյի, արդեն չկա, և իրենք ապրում են ոչ թե հանրային աջակցությամբ, այլ դրա հույսերով»,- ասաց նա: