Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանը, ում պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցվել է՝ չի ընդունում առաջադրված նոր մեղադրանքները։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց նրա պաշտպան Հովսեփ Սարգսյանը։
Նշենք, որ օրեր առաջ նախաքննական մարմինը որոշում էր կայացրել ժամանակավորապես դադարեցնել Գրիգորյանի պաշտոնավարությունը։
Մեզ հետ զրույցում պաշտպանը նկատեց, որ Գրիգորյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու որոշումը կայացվել է այն բանից հետ, երբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Գրիգորյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը:
Ըստ նրա՝ լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու որոշումը վկայում է նախաքննական մարմնի նախատրամադրվածության մասին.
«Եթե վարույթն իրականացնող մարմինը համարում էր, որ դատարանը սխալ որոշում է կայացրել, կարող էր օրենքով սահմանված կարգով և ժամկետներում բողոքարկել այն, ոչ թե դատարանի որոշումից հետո պաշտոնավարումը դադարեցնեին»,–ասաց նա։
Փաստաբանի խոսքով՝ վերադաս դատախազը եթե չվերացնի այս որոշումը, այն կբողոքարկեն դատարանում։
Պաշտպանի գնահատմամբ՝ Գրիգորյանը ներկայումս ապօրինի քրեական հետապնդման է ենթարկվում։
«Զարզանդ Գրիգորյանը դեռևս 2018թ. հուլիսից մեղադրյալի կարգավիճակ ունի։ Հուլիսից մինչև 2019թ. փետրվարը չգիտես ինչու վարույթն իրականացնող մարմինը չգիտեր մեղադրյալ Գրիգորյանի տեղը, որևէ կերպ խոսք չկար կալանավորման կամ պաշտոնավարթյունը դադարեցնելու մասին»,–ասաց նա՝ նշելով, որ հուլիսից մինչ այժմ իր պաշտպանյալի նկատմամբ երկու–երեք քննչական գործողություն է կատարվել, Գրիգորյանը քննիչի կանչի դեպքում պատշաճ ներկայացել է վարույթն իրականցնող մարմնին, չի խուսափել քննությունից կամ անօրինական ազդեցություն չի ունեցել դատավարության մասնակիցների վրա։
Նշենք, որ Քննչական կոմիտեն օրերս հայտարարեց Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու, նրան կրկին մեղադրանք առաջադրելու մասին։
Ըստ ՔԿ–ի՝ Զարզանդ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շորթում կատարելու (երկու դրվագ), առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու (երեք դրվագ), մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, զենքի գործադրմամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով մարդուն առևանգելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
Զարզանդ Գրիգորյանը սակայն, իրեն վերագրվող դրվագներից որևէ մեկով մեղավոր չի ճանաչում։
Հովսեփ Սարգսյանի խոսքով՝ Գրիգորյանին մեղսագրվող արարքներից 4–ի վաղեմության ժամկետը լրացել են, դրանք վերաբերվում են մինչև 2000թ. կատարված դեպքերին. դրվագներից միայն մեկն էլ վերաբերվում 2017թ. դեպքին։
«Իմ պաշտպանյալին այնպիսի հակասական մեղքեր են վերագրում, որոնք որեւէ կերպ փաստարկված չեն: Եղած փաստական տվյալներն էլ խոսում են նրա անմեղության մասին: Նրան մեղադրում են մի արարքի կատարման համար, որի հետ նա շահ չուներ եւ չէր կարող ունենալ, օրինակ՝ գույքի մասին է խոսքը, որը տարիներ հետո այլ անձի սեփականություն է դարձել»,–ասաց նա՝ պնդելով, որ Գրիգորյանին հանիրավի է մեղադրանք առաջադրվել։
«Եթե անձին հանիրավի կարող են մեղադրել մի արարքի կատարման մեջ, որի հետ նա առնչություն չունի, ապա սա ավելի վտանգավոր հանցագործությունն է, քան այն ենթադրյալ արարքը, որը կատարել է տվյալ անձը»,–ասաց փաստաբանը՝ շեշտելով, որ իրավապահները պարտավոր են իրենց լիազորությունների շրջանակում ղեկավարվել օրենքներով, այլ ոչ թե նախատրամադրվածությամբ։
Հիշեցնենք, որ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականի պահանջով ամռանից բողոքի ակցիաներ էին ընթանում Արշալույսում։ Բնակիչները հայտարարում էին, որ Գրիգորյանը ժամանակին Մանվել Գրիգորյանի հետ բազմաթիվ ապօրինություններ է կատարել և դրա համար պետք է պատասխան տա։
Ինքը ՝ Զարզանդ Գրիգորյանը, լրատվամիջոցների հետ զրույցներում բազմիցս հայտարարել է, որ տարաձայնություններ ունի Մանվել Գրիգորյանի հետ եւ 10 տարուց ավելի է ՝ չի շփվում նրա հետ։
Փետրվարի 28–ին որոշում է կայացվել՝ Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։





























