Ուզբեկստանի նախկին նախագահ Իսլամ Քարիմովի աղջկան՝ Գուլնարային, ընդհանուր ռեժիմի գաղութ են տարել՝ պատժի կրման պայմանների խախտելու պատճառով։ Այս մասին ասվում է երկրի գլխավոր դատախազության կայքում։

«Պատիժը կրելու կարգի եւ պայմանների չարամիտ խախտման հետ կապված... որոշվել է փոխել դատապարտյալ Գ.Քարիմովայի պատիժը ազատազրկմամբ՝ ընդհանուր ռեժիմի գաղութում անցկացնել մնացած պատժաժամկետը, քրեակատարողական օրենսդրությանը համապատասխան»,- նշել են գերատեսչությունում։

Նշվում է, որ Քարիմովան տասը տարվա ազատազրկման է դատապարտվել 2017 թվականին, բայց ավելի ուշ պատիժը փոխարինվել է հինգ տարի ազատության սահմանափակմամբ, Տաշքենդում դստեր՝ Իմանի բնակության վայրում։

Այս հանգամանքով պայմանավորված՝ նա պետք է հետեւեր մի շարք կանոնների, մասնավորապես՝ նրան արգելվում էր դուրս գալ բնակարանից եւ օգտվել ինտերնետից։

Դատախազության տվյալներով՝ կինը խախտել է այս սահմանափակումները, ինչն էլ նրան գաղութ տանելու պատճառ է հանդիսացել։

2017 թվականի ամռանը տեղեկացվել էր, որ Քարիմովան մեղավոր է ճանաչվել հարկերից խուսափելու, հանցավոր խմբին մասնակցության, «շորթման միջոցով դրամական միջոցներ, բաժնետոմսեր, բաժնեմասեր եւ գույքային օբյեկտներ» ձեռք բերելու» մեջ, որոնց առնչությամբ գործեր են հարուցվել դեռեւս 2013 թվականին։