Պետական մակարդակով իրականացվող հայատյացության քաղաքականությունը Ադրբեջանում նոր չէ։ Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, Եվրոպական խորհրդարանում «Հայատյացություն. Պատմական եւ արդի դրսեւորումները» խորագրով համաժողովին ասել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։
Խորհրդարանի ղեկավարը հատուկ ընդգծել է նման կարեւոր միջոցառման կազմակերպումը Եվրոպական խորհրդարանի շենքում՝ որպես մի կառույց, որը ոչ միայն եվրոպական ընտանիքում ապրող ժողովուրդների, այլեւ ամբողջ աշխարհի համար ժողովրդավարության օրինականության եւ համերաշխության առաջամարտիկներից է:
Իր խոսքում Աշոտ Ղուլյանն անդրադարձել է այլատյացության՝ որպես ժամանակակից աշխարհում մարդկությանը սպառնացող ամենամեծ մարտահրավերներից մեկի դեմ համատեղ պայքարելու անհրաժեշտությանը եւ շեշտել, որ այս ուղղությամբ հաջողության կարելի է հասնել, եթե բոլորի կողմից ընկալելի լինի այն գիտակցումը, որ այլատյացությամբ թունավորված հանրությունը երբեք եւ ոչ մի պարագայում չի կարող հասարակական եւ համամարդկային արժեք ստեղծել:
Այնուհետեւ, խոսելով Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող հայատյացության քաղաքականության մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ այդ երեւույթը հարեւան երկրում նոր չէ, ավելին՝ տարիների ընթացքում այն դարձել է ադրբեջանական ինքնության անբաժանելի մասը, իսկ չկարգավորված հակամարտության պայմաններում, Ադրբեջանի իշխանությունների կողմից օգտագործվում է որպես սեփական ժողովրդին մոլորեցնելու եւ Արցախի մասին թյուր տեղեկություններ տարածելու գործիք: Խորհրդարանի ղեկավարը խորհուրդ է տվել արտասահմանյան գործընկերներին այցելել Արցախ եւ տեղում ծանոթանալ իրավիճակին.
«Օգտվելով Խորհրդային պետության ոչ համարժեք արձագանքից և անպատժելիության մթնոլորտից, պաշտոնական Բաքուն հետագա տարիներին ևս շարունակել է իր հայատյաց վարքագիծը Բաքվում, Կիրովաբադում և մի շարք այլ բնակավայրերում: Իսկ 1991 թ. վերջին լայածավալ պատերազմ է սանձազերծել իր իրավունքների համար պայքարող Արցախի հայության դեմ:
Դժբախտաբար այսօր էլ շարունակվում է նույն գիծը. հայատյացություն սերմանելով մանկապարտեզում, դպրոցում և այլ ուսումնական հաստատություններում, ատելության խոսք քարոզելով գիտական աշխատանքներում և մամուլում, հսկայական ռեսուրսներ ծախսելով օտարերկրյա պաշտոնական և ոչ պաշտոնական շրջանակներում Ադրբեջանը փորձում է նենգափոխել իրականությունը: Այս թյուր տեղեկատվությանը հակազդելու համար մեր արտասահմանյան գործընկերներին խորհուրդ ենք տալիս այցելել Արցախ և տեղում ծանոթանալ իրավիճակին»,–ասել է նա։
Ամփոփելով խոսքը՝ Աշոտ Ղուլյանը համոզմունք է հայտնել, որ նման ձեւաչափով կազմակերպված ցանկացած միջոցառում օգնում է բացահայտելու համամարդկային զարգացմանը խոչընդոտող երեւույթների էությունը եւ համատեղ ջանքերով փնտրելու ու գտնելու ելքեր՝ բարդ իրավիճակներից:
Համաժողովին մասնակցել են՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը, ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, փորձագիտական եւ այլ ոլորտների մի շարք ներկայացուցիչներ:
Նշենք, որ համաժողովը կազմակերպվել է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի եւ Թուֆենկյան հիմնադրամի ջանքերով, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի աջակցությամբ:




























