Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը պարզաբանում է տարածել ավտոբուսի վարորդների գործադուլի վերաբերյալ:

«Երևանում հանրային ուղևորափոխադրում իրականացնող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի երկու ավտոբուսների խցերում օրերս տեսախցիկներ են տեղադրվել՝ ծառայության որակը բարելավելու նպատակով։ Սա հարուցել է ընկերության վարորդների դժգոհությունը, որոնց մի մասն այսօր առավոտյան հրաժարվել է դուրս գալ երթուղի։

Այս պահին խնդիրը կարգավորվում է»,-գրել է Հակոբ Կարապետյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում, այսօր՝ մարտի 7-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել. Նոր-Նորք վարչական շրջանի Թեւոսյան փողոցում գտնվող Երեւանի «Ավտոբուս» ՓԲԸ 250-ից ավելի վարորդներ՝ ի նշան բողոքի, հրաժարվում են դուրս գալ երթուղի: Կանգսռներում տասնյակ մարդիկ են մնացել:

Վարորդները NEWS.am-ի հետ զրույցում նշել են, որ եթե նախկինում իրենք իրենց օրական վաստակից այսպես կոչված «պլան» էին տալիս, իսկ մնացածն իրենց էր մնում, հիմա ուզում են վարորդների համար ֆիքսել օրվա գումար՝ 6-7 հազար, ինչին նրանք դեմ են: Վարորդները պնդեցին, որ իրենց ծախսերը գերազանցում է յդ գումարի չափը: Բացի այդ, եթե մինչեւ հիմա վարորդնեն իրենք էին սպասարկում ավտոբուսին տեխնիկական ծախսերը, ապա հիմա պետությունը վերցնելու է իր վրա. «Այսինքն եթե խնդիր լինի, պետք է մի քանի օր սպասենք, առանց գործ մնանք եւ օրական փողը չենք ստանալու: Բացի այդ տեսախցիկներ են ուզում տեղադրել ավտոբուսներում, ինչին եւս մենք դեմ ենք»,-ասացին վարորդները: Նրանք նաեւ չգիտեին, թե արդյոք այդ 6-7 հազարը մաքուր իրենց է մնալու, թե դրանից հարկեր պետք է վճարեն:

Նշենք, որ այստեղ է ժամանել Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, ով այս պահին վարորդների հետ խորհրդակցություն է անցկացնում:

Գործադուլ. Երեւանում ավտոբուսների վարորդները հրաժարվում են դուրս գալ երթուղի