Իմ նկատմամբ խուլիգանության եւ առեւանգման փորձի գործի շրջանակում քննչական գործողության՝ տեղազննության ժամանակ Toyota Camry մակնիշի մեքենան փորձել է վրաերթի ենթարկել ինձ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել է հասարակակն գործիչ Նարեկ Մալյանը։

«Այսօր ժամը 5-ի կողմերը քննիչի հետ պայմանավորվել էինք իմ նկատմամբ խուլիգանության եւ առեւանգման փորձի գործի շրջանակներում իրականացնել քննչական գործողություն՝ տեղազննություն։ Տեղազննությանը ինձանից բացի ներկա էր քննիչը՝ համազգեստով, ոստիկանության 4 աշխատակից եւ իմ փաստաբանը, նաեւ երկու ընթերականեր։ Տեղազննության վերջին շտրիխի ժամանակ, երբ պետք է լուսանկարներ աներ քննիչը այնտեղ, որտեղ տեղի է ունեցել առեւանգման փորձը, եւ որտեղ է այն կանխվել։ Քննիչի պատճառով ես կանգնեցի այդտեղ, որ կցվի այն գործին։ Այս պահին մի «հաբռգած» Toyota Camry քշեց իմ վրա»,-պատմեց նա։

Մալյանի փոխացմամբ՝ մեքենայի վարորդը նաեւ դուրս է եկել մեքենայից, վեճի բռնվել իր հետ եւ ոստիկանությանը հաղորդում տվել. «Ես մտածեցի, որ, հնարավոր է, անուշադիր վարորդ է, բայց մեքենայի վարորդը, հավանաբար նեղվելով, որ ինձ չկարողացավ մեքենայի տակ գցել, կանգնեց, երկար սիգնալ տվեց, ապա ապակին իջեցնելով՝ շատ հետաքրքրիր նախադասություն ասեց. «Հերիք չի կլյաուզիա անեք մեր վարչապետի վրա»,- ասաց նա։ Ինչին ես պատասխանեցի «հը՞», նա էլ, թե՝ «ինչը հը՞, լսի՛ արա» եւ հայհոյեց, փորձեց՝ քշի գնա, եւ ես ի պատասխան դրան ուղղեցի իմ հայհոյանքների շարանը եւ ոտքով հարվածեցի մեքենային։ Վարորդը, ամենեւին չկաշկանդվելով քննիչի ու ոստիկանների ներկայությունից՝ փորձեց Դեդ Հասանի դվիժենի անի, հայհոյեց, ես հայհոյեցի, էլի հայհոյեց, փորձեց նստի, գնա, էլի հարվածեցի մեքենային, ինչից հետո մեր Դեդ Հասանը եւ «կլյաուզնիկների թշնամին» որոշեց, որ պետք է ոստիկանություն հաղորդում տա։ Ինձ այտեղից տարան ոստիկանության բաժին, որտեղ ասեցի, որ հետո մի օր կգամ, կտամ այդ բացատրությունը»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Նարեկ Մալյանի տան մոտ հարձակվել են նրա վրա։ Մոտ 10 հոգով փորձել են նետել նրան աղբամանը։ Խումբը գլխավորել է «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը: Այնուհետեւ միջամտել են ոստիկանները եւ նրանց բերման ենթարկել Կենտրոնի բաժին:

Ավելի ուշ «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը Facebook-ի իր եթերում խոստովանել է, որ Նարեկ Մալյանի վրա հարձակվողներն իրենք են եղել:

Նարեկ Մալյանը ճանաչվել է այս գործով տուժող։