Մարտի 7-ին, ժամը 06.30-ի սահմաններում, գիշերային շրջայցի ժամանակ ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները, ՊՊԾ դասակի ծառայողների հետ համատեղ, գողություն կատարելու կասկածանքով, Փոքր-Վեդի գյուղից, իրենց «Օպել» մակնիշի մեքենայով բաժին բերման են ենթարկել նույն գյուղի բնակիչ Ենոք Ս-ին եւ Կոտայքի մարզի բնակիչ Արմեն Պ-ին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արմեն Պ-ն նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, Տափերական գյուղում տեղակայված «Յուքոմ» ՍՊԸ-ի կայանից գողացել է չորս էլեկտրական մարտկոց եւ գողոնը տեղափոխել Ենոք Ս-ի ավտոտնակ:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ Արմեն Պ-ն 2018 թվականի տարբեր ժամանակահատվածներում Վեդի քաղաքում, Արալեզ, Փոքր Վեդի, Այնթապ գյուղերում, տեղակայված ալեհավաքային կայաններից գողացել է այլ էլեկտրական մարտկոցներ եւս:

Նշված բոլոր դեպքերով ընդունվել են հաղորդումներ:

Ենոք Ս-ն եւ Արմեն Պ-ն տվել են խոստովանական բացատրություններ:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: