Հայաստանում փոփոխություն կա միայն հայտարարությունների մակարդակում, որ այլեւս կոռուպցիա չկա, մենաշնորհ չկա, սակայն իրականում այդ բոլորը, կարծես թե, չեն վերացել մեր երկրում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պտգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
«Ասում են չկա, մենաշնորհ, բայց իսկապես չկա՞: Եթե իսկապես չկա մենաշնորհ, ապա պետք է նախկինում մենաշնորհ եղած ապրանքների գները նվազեն, բայց տեսեք, բանանը էլի թանկացել է, բենզինի գինը չի փոխվում: Դուք տեսե՞լ եք, որ մենաշնորհների վերացման արդյունքում ավելի մատչելի, ավելի տանելի վիճակներ ստեղծվեն հասարակության համար: Այսինքն սոսկ հայտարարությունը ոչինչ չի նշանակում»,-ասաց նա:
Հարցին, թե դեռ որքան ժամանակ կպահանջվի, որ իսկապես մենաշնորհները վերանան եւ մրցակցային պայմաններ առաջանան, տնտեսագետն արձագանքեց. «Այստեղ բոլոր դեպքերում հարկային բեռի հարց կա, պարտավորությունների կատարման հարց կա եւ այլն: Մենք չենք կարողանում հասկանալ՝ որեւէ բան փոխվել է, թե չի փոխվել: Ավելի շուտ չի փոխվել: Փոփոխություն կա միայն հայտարարությունների մակարդակում, որ այլեւս կոռուպցիա չկա, մենաշնորհ չկա, սակայն իրականում այդ բոլորն էլ կարծես թե չեն վերացել մեր երկրում:
Դրա համար հայտարարությունները դառնում են չգործող: Հայտարարություններով երբեք երկիր չի կառուցվում: Երկիրը կառուցվում է օրենքներով, դրանց գերակայությամբ, դատաիրավական համակարգի հիմնավոր գործունեությամբ, օրենքը բոլորի համար պարտադիր լինելու, ինչպես նաեւ պատասխանատվության ինստիտուտի կիրառմամբ: Այս բոլորի պարագայում նոր երկիրը երկիր է դառնում»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ տնտեսության վիճակը շտկելու համար ոչ թե միայն ժամանակ է պետք, այլ դա ուղղակիորեն կախված է կառավարողներից, սկզբունքներից ու մոտեցումներից, իրազեկությունից, կոմպետենտությունից եւ կառավարման վարպետությունից. «Ընկերական ձեւով հնարավոր չէ հասնել հաջողության»:





























