Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցու մերձակայքում փետրվարի 21-ին հայտնաբերված ընկեցիկ երեխան, որն այս պահին գտնվում է Երեւանի Նորքի մանկատանը, այսօր՝ մարտի 3-ին նյարդաբանի կողմից ենթարկվել է բժշկական հետազոտության:
Պարզվել է, որ երեխան, բացի ռախիտ հիվանդությունից, ունի նաեւ նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մանկատան տնօրեն Լիանա Կարապետյանը:
Նշենք, որ երեխայի մանկասայլակում հայտնաբերվել է գրություն, որում եղել է գրություն` «Հռիփսիմե, 10 ամսական»: Գրությունն, ըստ ամենայնի, թողել է երեխայի մայրը:
NEWS.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ երեխայի ծնողներն առայժմ չեն հայտնաբերվել, նրանց հայտնաբերելու նպատակով տարվող որոնողական աշխատանքները շարունակվում են:
Հիշեցնենք, որ լքյալ երեխային անհայտ անձինք սայլակով թողել էին եկեղեցու մուտքի մոտ, նրա հագին եղել է վարդագույն կոմբինեզոն: Սայլակը տեսնողներին թվացել է, որ նրա ծնողները գտնվում են եկեղեցու ներսում, սակայն մի քանի ժամ փոքրիկի հետեւից ոչ ոք չի եկել:





























