Վերջին 25-30 տարում բացթողումներ կան ոչ միայն ԵԿՄ-ում, այլեւ բոլոր կառույցներում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:
«Բացթողումներ այս 25-30 տարում բոլոր կառույցներում կան, միայն ԵԿՄ-ում չեն: Կարելի է` ասել, մեր հայրենիքը, մեր օրենքը անտերության էին մատնված, դրա համար ամեն տեղ էլ բացթողումներ կան: Քանի որ ԵԿՄ-ում դեռ նախագահ չկա, վարչություն չունեն, դրա համար գործունեություն դեռ չի ծավալվում: Երբ նոր նախագահ ընտրվի, նոր վարչություն լինի, փոփոխությունների ակնկալիք մենք նոր կունենանք»,- ասաց նա:
Հարցին, թե նոր նախագահ ընտրելուց հետո ԵԿՄ-ում ինչ պետք է փոխվի, Մանվել Եղիազարյանն ասաց, որ ազատամարտի ամեն մի մասնակցի պետք է իրական գնահատական տրվի. «Իր բարոյական կերպարը պետք է ներկայացնենք հանրությանը, եթե անգամ մարդը, ազատամարտիկլը վատ է ապրում, դա սարսափելի չէ, բայց եթե մարդն իր արածի գնահատականը չի ստանում, ամենավտանգավորն ու սարսափելին դա է: Նա հիասթափվում է, նա թեւաթափ է լինում, ոգին կոտրվում է: Մենք այդ հարցերը պետք է բարձրացնենք եւ զուգահեռ փորձենք պիտանի լինել տվյալ մարդկանց խնդիրներին»:
Անդրադառնալով «Մեծն Տիգրան» աշխարհազորային ջոկատի հրամանատար Սմբատ Այվազյանին, նա նշեց, որ Այվազյանը մեծ գործունեություն է իրականացրել Արցախյան պատերազմի ժամանակ. «Սկզբից մինչեւ վերջ կանգնեց այդ ակունքներում, եւ մենք պարտավոր ենք գալ, հարգանքի տուրք մատուցել Սմբատ Այվազյանի հիշատակին»:
Նշենք, որ այսօր` մարտի 10-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ազատամարտիկները նշում են արցախյան ազատամարտի մասնակից, «Մեծն Տիգրան» աշխարհազորային ջոկատի հրամանատար, նախկին պատգամավոր Սմբատ Այվազյանի 60-ամյակը:





























