Դեռեւս բոլորովին վերջերս ընտրված Ազգային ժողովը իր առաջին քառօրյա նիստերի ժամանակ հասցրել է Սահմանադրությունը խախտել: Մարտի 11-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ նրա խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա հիշեցրեց, որ Սահմանադրությունն առաջին անգամ խախտվել է կառավարությունը ձեւավորելիս, երբ կառավարության 18 անդամների անունները նախագահին չեն ներկայացվել 15 օրվա ընթացքում: «Անցյալ շաբաթ էլ կատարվեց երկրորդ խախտումը: Խոսքը կառավարության ժամի մասին է, որը տեղի է ունեցել խորհրդարանում: Դրան իրավունք չունեին մասնակցելու նախարարների ժամանակավոր պաշտոնակատարները: Իսկ նրանք ներկայացել էին եւ անգամ պատգամավորների հարցերին պատասխանեցին, ինչը ոչ միայն Սահմանադրության խախտում է, այլեւ Ազգային ժողովի կանոնակարգի, քանի որ կառավարության ժամին մասնակցում են միայն կառավարության անդամները, եւ միայն նրանք կարող են պատասխանել պատգամավորների հարցերին»,- պարզաբանեց Մարուքյանը:





























