Ապրիլին ՕՊԵԿ+-ի հանդիպմանը խմբի քաղաքականությունը փոխելը շատ շուտ է, եւ ՉԺՀ-ն ու ԱՄՆ-ը ընթացիկ տարում կնպաստեն նավթի համաշխարհային բարձր պահանջարկին։ Այս մասին Reuters-ին հայտարարել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Խալիդ Ալ-Ֆալիհը։

ՕՊԵԿ-ը եւ նրա դաշնակիցները, ներառյալ Ռուսաստանը, ապրիլի 17-18-ը կհավաքվեն Վիեննայում։ Եւս մեկ հանդիպում նշանակված է հունիսի 25-26-ը։  

Ալ- Ֆալիհն ասել է, թե ապրիլյան հանդիպմանը խումբը դժվար փոխի նավթի հանքարդյունահանման իր քաղաքականությունը, եւ անհրաժեշտության դեպքում ուղղումներ կանի հունիսին։

ՕՊԵԿ-ի կազմի մեջ մտնող Արաբական Միացյալ Էմիրությունները հայտնել են, որ արտադրության կրճատման համաձայնագրի շրջանակներում կշարունակեն կատարել իրենց պարտավորությունները։

ՕՊԵԿ+-ը հունվարի 1-ից սկսել է կրճատել արդյունահանումը, որպեսզի կանխի հումքի ավելցուկի առաջացումը, որը հղի է նավթի գների անկմամբ։ Խումբը պայմանավորվել էր վեց ամիսների ընթացքում նվազեցնել արտադրությունն ընդհանուր առմամբ օրական 1,2 մլն բարելով։

ՕՊԵԿ-ի երկրները այդ համաձայնագրի շրջանակներում պարտավորվել են օրական 800 000 բարելով կրճատել արդյունահանումը՝ անցյալ տարվա հոկտեմբերի հետ համեմատած։

Նավթի համաշխարհային պահանջարկն ընթացիկ տարում ընդհանուր առմամբ պետք է աճի օրական մոտ 1,5 մլն բարելով՝ ասել է նախարարը։

Էներգետիկ միջազգային գործակալությունը փետրվարին պահպանել է 2019թ․ պահանջարկի աճի կանխատեսումը օրական 1,4 մլն բարելի մակարդակում։

Ալ-Ֆալիհի խոսքերով, նավթի միջազգային պահանջարկի աճին, Չինաստանի եւ ԱՄՆ-ի հետ մեկտեղ, նպաստում է Հնդկաստանի ընդլայնվող տնտեսությունը։