Ադրբեջանը «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը (ՀԿՌՀ) գործարկել է լայնամասշտաբ զորավարժությունների ժամանակ, որոնք մեկնարկել են մարտի 11-ին, հայտնում է «Ինտերֆաքս-Ազերբայջանը»: 

Երկրի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայության երեքշաբթի տարածած տեսանյութում հստակ երեւում է «Պոլոնեզ» ՀԿՌՀ-ի նվազագույնը 6 հաշվարկ, որոնք «ըստ զորավարժությունների մտահղացման՝ ոտքի են հանվել տագնապով եւ լքել են մշտական տեղակայման վայրը»:

«Մեկնարկային դիրքեր զբաղեցրած ստորաբաժանումները կատարել են մարտականին առավելագույն մոտ պայմաններում պայմանական հակառակորդի թիրախներին հրթիռային հարվածներ հասցնելու առաջադրանքը»,- նշված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը մարտի 11-15-ին անցկացնում են լայնամասշտաբ զորավարժություններ՝ տարբեր տեսակների, կարգերի եւ հատուկ զորքերի, միավորումների եւ բանակների միավորումների անձնակազմի մինչեւ 10 հազար զինծառայողների ներգրավմամբ:

Դրանից բացի, զորավարժություններին մասնակցում են շուրջ 500 միավոր տանկեր, զրահատեխնիկա, այդ թվում՝ ավտոմոբիլային եւ հատուկ տեխնիկա, տարբեր տրամաչափի շուրջ 300 հրթիռահրետանային սարքավորումներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ ականանետեր, տարբեր նշանակության բանակային եւ ճակատային ավիացիայի շուրջ 20 միավոր:

Բաքուն «Պոլոնեզ» ՀԿՌՀ-ն Մինսկից ձեռք է բերել 2018 թվականի հունիսին: 2018 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը Բելառուսից ստացել է համալիրների հերթական խմբաքանակը: Բելառուսական ՀԿՌՀ-ների մատակարարումը Բաքու իրականացվել է  ադրբեջանա-բելառուսական միջկառավարական համաձայնագրի շրջանակում:

Առաջին պայմանագրով նախատեսվում է ՀԿՌՀ-ի 10 լրակազմի փոխանցում (որի մեջ մտնում են հրթիռները, տրանսպորտային լիցքավորող մեքենաները, կառավարման կետը, ռադիոտեղորոշման կայանները եւ այլն):