Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսի հետ:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով դեսպանի գլխավորած պատվիրակությանը՝ բնապահպանության նախարարը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ստանձնման առթիվ եւ մաղթել արդյունավետ աշխատանք։

Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է նախարարության՝ բնապահպանական խնդիրների լուծման առաջիկա տեսլականները եւ համոզմունք հայտնել, որ երկկողմ փոխգործակցությունն ավելի կընդլայնվի՝ ընդգրկելով նոր բնագավառներ:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության, բարեմաղթանքների համար եւ վերահաստատել իր երկրի պատրաստակամությունը՝ շարունակել եւ ընդլայնել համագործակցությունը շրջակա միջավայրի պահպանության հարցերի լուծման ուղղությամբ։