Պետական եկամուտների կոմիտեի մոնիտորինգի կենտրոնը 2019թ. հունվար-փետրվար ամիսներին ՀԴՄ-ներով կատարվող գործարքների մոնիտորինգի արդյունքներով հարկ վճարողներին ուղարկել է 1043 ծանուցում, ինչը 50%-ով ավելի է 2018թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Ընդհանուր առմամբ, 2018թ. 12 ամիսներին ՀԴՄ-ներով, ինչպես նաեւ հաշվարկային փաստաթղթերով կատարվող գործարքների մոնիտորինգի արդյունքներով հարկ վճարողներին ուղարկվել է 9370 ծանուցում: 2475 դեպքում հարկ վճարողներն արձագանքել են ծանուցումներին: Բիզնեսի հետ երկխոսության արդյունքում 2019թ. երկու ամիսներին 12,5 մլն ՀԴՄ կտրոն ավելի է տպվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Մոնիտորինգի կենտրոնում կատարվող ավտոմատ վերլուծությունների ու ծանուցումների շնորհիվ հարկային մարմնի հսկողական միջոցառումները հիմնավորված եւ թիրախային են դառնում.
«Միայն բազմակի ծանուցված եւ վարքագծում դրական փոփոխություն չդրսեւորած ռիսկային հարկ վճարողների ցանկերն են ուղարկվում համապատասխան ստորաբաժանումներին` հսկողական միջոցառումների իրականացման համար: Արդյունքում նվազում է հարկային մարմնի աշխատակիցների հետ հարկ վճարողի շփումը»,-ընդգծում է ՊԵԿ մոնիտորինգի բաժնի պետ Կարինե Մնացականյանը: Ըստ նրա` հսկողական միջոցառումների արդյունքների եւ ծանուցումների պատասխանների ամփոփմամբ շարունակաբար կատարելագործվում է ավտոմատ համակարգի ռիսկի գնահատման մեխանիզմը:
Մասնավորապես` մշակվել եւ ծրագրավորման փուլում են գտնվում եկամտային հարկի հայտարարագրման եւ աշխատողների ձեւակերպման ռիսկայնության գնահատման չափանիշներ, որոնց ներդրումից հետո ՊԵԿ մոնիտորինգի կենտրոնում վերլուծության կենթարկվեն նաեւ, օրինակ, օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձից ցածր աշխատավարձ հայտարարագրած գործատուների ռիսկերը:





























