Օպերայի հարակից տարածքներում կառուցված սրճարաններն ամբողջությամբ ինքնակամ կառույցներ են, ուստի քաղաքապետարանի գործողություններն իրավաչափ են։ Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։ 

Նա պնդեց՝ Օպերայի հարակից շրջանում սրճարանների ապամոնտաժումը կատարվում է բարեկարգման նպատակով. «Անձնական կամ բիզնես նպատակներ պետք չէ փնտրել»։

Հարցին՝ այնուամենայնիվ, ապամոնտաժումը սոցիալական խնդիրներ է պարունակում, իրենց դա չի մտահոգո՞ւ մ, որին վարչական շրջանի ղեկավարը պատասխանեց. «Քաղաքային իշխանությունը չի կարող միայն սոցիալականի մասին մտածել։ Իհարկե, մենք մտածում ենք, անհանգիստ ենք, ծանուցել ենք եւ ժամանակ ենք տվել մարդկանց»։

Նա պնդեց՝ չեն կարող պատասխան տալ նախորդ իշխանությունների կողմից տրամադրված թույլատվությունների համար։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպես են ապամոնտաժելու սրճարանները սրճարանի սեփականատերերի եւ աշխատակիցների բողոքի ցույցի պայմաններում, որին ի պատասխան Վիկտոր Մնացականյանը նշեց. «Մենք մեր աշխատանքը կանենք, ոստիկանները՝ իրենց»։

Նա վերհիշեց իր դպրոցական տարիները եւ պնդեց՝ «այն ժամանակ այլ էր Երեւանը»։

«Թամանյանի նախագծած Երեւանում այս սրճարանները եղե՞լ են։ Պետք է հասկանալ հասարարական պահանջը, թե որն է առաջնային»,–նշեց նա։

Վարչական շրջանի ղեկավարը հայտնեց՝ քննարկում են նաեւ այդ տարածքում վահանակների ապամոնտաժման հարցը. «Մենք այժմ քննարկում ենք գոտիավորման հարցը, մենք գովազդային վահանակներն ենք ապամոնտաժելու։ Որոշակի տարածքներ կան, որոնք սրբությունների պես պետք է պահպանենք։ Դրանք են՝ Օպերայի տարածքը, Թատերական հրապարակը, Կարապի լճի հարակից տարածքը, Հրապարակը»։

Քաղաքապետարանի իրավաբանական վարչության ներկայացուցիչ Արամ Մարտիրոսյանն էլ իր հերթին նշեց, որ Երեւանի քաղաքապետարանի գործողությունները ամբողջությամբ օրենքի շրջանակներում են. «Այդ տարածքների նկատմամբ սրճարանները չունեն սեփականության իրավունք, տարածքը ենթավարձակալության իրավունքով է նրանց փոխանցվել։ Նշյալ տարածները հանրային տարածք է»։

Նա շեշտեց՝ «Ատլանտիս Գարդեն» ՍՊԸ–ին փետրվարի 13-ին ծանուցում է ուղարկել, որով առաջարկվել է տարածքը ազատել եւ ապամոնտաժել ինքնակամ շինությունները։ «Հողամասի նկատմամբ տրվել են ենթավարձակալության իրավունք, պայմանագրերը կնքվել է միայն հողամասի նկատմամբ»,–հավելեց իրավաբանական վարչության ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը Ազատության հրապարակին հարող հատվածի կանաչ տարածքի վերականգնման վերաբերյալ հայտարարություն էր տարածել, ըստ որի տվյալ հատվածի քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած եւ սրճարանային բիզնես ծավալած տնտեսավարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, որտեղ առաջարկվում էր նրանց՝ հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից: Սա առաջացրել է սրճարանների սեփականատերերի և սրճարանների աշխատակիցների վրդովմունքը: Նրանք բողոքի ցույց են անում, փորձում են խոչընդոտել սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։