Փաշինյանը կոպտագույն սխալ է թույլ տալիս`Արցախի հարցում շարունակելով ավելի խճճել իր կողմից հնարված բարի բլեֆի բանաձեւը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

Նա, մասնվորապես, նշում է.

«Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի նախաբանը Արցախում անհեթեթ վատթարացնում է առանց այդ էլ ծանր իրավիճակը, որովհետեւ ազգակործան ծրագիրն ավելի է ամրապնդվում` Հայաստանին արդեն ներկայացնելով, որպես նախկինների կողմից համաձայնեցված այդ փաստաթղթի մոդիֆիկատոր: Մոդիֆիկացիան լուծում չէ, չկա այդ ծուղակից ելք: Զիգզագները Մադրիդյան փաթեթի շրջանակում վատ են նայվում, դրանք Երեւանին ավելի են խոցելի դարձնելու:

Անհասկանալի է, ապշեցուցիչ է այն կուրությունը, որով Փաշինյանի արտաքին քաղաքական գիծն առաջնորդվում է` «դուխովությունը» թողնելով միայն գլխարկների վրա:

«Դուխով» քաղաքականությունը կլիներ այն, որ գիտակցվեր անգրագետ, մակերեսային դիվանագետներով եւ խորհրդականներով վարվող գծի ամլությունը եւ տղամարդկայնորեն Հայաստանը հրաժարվեր Մադրիդյան փաստաթղթից:

Դրա համար արդեն իսկ ուշ է, բայց ուշացած չէ:

Քաղաքագետների եւ որակյալ մասնագետների մի ամբողջ խումբ անընդհատ հորդորում է իշխանությանը` հրաժարվել այդ փաստաթղթից, բայց վարչապետը շարունակում է մնալ մի գծի մեջ, որ ԼՏՊ-ն է հնարել եւ վատթարացվել է հաջորդ երկուսի օրոք:

Անտեսվում են մասնագետների կարծիքները, ականջալուր են լինում վարչապետին շրջապատող դիլետանտ, բայց գիտակ ներկայացող անձանց խորհուրդներին:

Փաշինյանը սխալ, սխալ, անչափ սխալ գծի վրա է: Նրա մտադրությունները բարի են, բայց բռնած ուղին չարիքի է հանգեցնելու:

Հասարակության` այդ գծին` լուռ եւ համր կողքից հետեւելն էլ պատմական ձախողման կարող է հանգեցնել:

Անհրաժեշտ է ճնշում կիրառել իշխանության վրա` նախկինից եկող տգետ եւ արդեն անչափ վտանգավորացող գիծը դադարեցնելու համար: Անհրաժեշտ է այս իշխանության արցախյան մոտեցումներին հեղափոխական շրջադարձ պարտադրել:

Հակառակ պարագայում հեռանկարում կարող ենք եւ Հայաստանը կորցնել»: