Կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի արտաբյուջետային ֆոնդը մոտ 5 մլրդ դրամ է (մոտ 13,7 մլն դոլար)։ Մարտի 3-ի կառավարության նիստում հաստատվեց այդ ֆոնդի ծախսերի նախահաշիվը։

Այդ ֆոնդի ամենամեծ հոդվածը շենքերի եւ շինությունների հիմնանորոգման գծով է՝ մոտ 1,2 մլրդ դրամ (մոտ 37,5 մլն դոլար)։ Բացի այդ՝ 866 մլն դրամ (մոտ 2,3 մլն դոլար) է հատկացվելու շինարարության համար, եւս 330 մլն (մոտ 0,9 մլն դոլար)՝ շենքերի եւ շինությունների ձեռք բերման համար։ Այսպիսով՝ գումարների գրեթե կեսը հատկացվելու է համակարգի շենքային պայմանների բարելավմանը։

Հաջորդ խոշոր հոդվածները վերաբերում են տրանսպորտային միջոցներին։ ՊԵԿ-ն արտաբյուջեի միջոցով ձեռք կբերի 55 մարդատար ավտոմեքենա, 7 հատ Պիկապ տեսակի մեքենա, եւ 2 մեքենա կինելոգիական կենտրոնի համար։ Մարդատար ավտոմեքենաների միջին արժեքը 8,5-10 մլն դրամի (մոտ 23-27 հազ դոլար) սահմաններում է։

Սակայն դրանով տրանսպորտային ծախսերը չեն սահմանափակվում։ 210 մլն դրամ (մոտ 575 հազ. դոլար) կհատկացվի տրանսպորտային նյութեր գնելու համար՝ բենզին, յուղ, անվադող եւ այլն։ Այսպես՝ միայն ռեգուլյար բենզինի մասով գնվելու է 510 հազ. լիտր։

Զգալի միջոցներ կհատկացվեն համակարգչային եւ տեղեկատվական ծառայությունների ձեռք բերման համար։ Համակարգչային ծառայությունները գնահատվել են 230 մլն դրամ (մոտ 630 հազ. դոլար), իսկ տեղեկատվական ծառայությունները՝ 110 մլն դրամ (մոտ 300 հազ. դոլար)։