Մեր կողմից իրականացվող սոցիալական բնակարաշինական ծրագիրը սկիզբ է դրվել դեռեւս 2007 թվականի փետրվարին եւ առայսօր բնակարանային բավարարում է բերել շուրջ 2490 ընտանիքների։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախագահ Արսեն Քարամյան Արսեն Քարամյանը՝ անդրադառնալով «Հետք»-ի հրապարակմանը, որտեղ նշված էր. «Քննչական կոմիտեն պետգույքի կառավարման կոմիտեից առգրավել է Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար Արսեն Քարամյանի ՀԿ-ին օտարված պետական գույքի գործարքի փաստաթղթերը: Գործարքին առնչվող փաստաթղթերն առգրավվել են, քանի որ Պետական գույքի կառավարման կոմիտեն 2018 թվականի հոկտեմբերի 22-ին դիմել է Գլխավոր դատախազություն՝ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ին օտարված պետական գույքի գործարքում ենթադրյալ խախտումներ նկատելով»:
Քարամյանը իր գրառման մեջ նաեւ նշել է.
«Սոցիալական առաջնային շեշտադրումից զատ, իրականացվող ծրագրերը ունեն նաեւ հստակ չափելի տնտեսական ու գործարար նշանակություն. դրանք մուլտիպլիկատիվ էֆեկտով ստեղծվող աշխատատեղեր են, վճարված ուղղակի ու անուղղակի հարկեր են, ապրանքաշրջանառության խթանման գործնական ազդակներ են, կարճ ասած՝ այս տարիների ընթացքում մենք ստեղծել ենք օգտակար ավելացող արժեք։ Իսկ պետական գույքը դա ինքնանպատակ չէ, եւ այն այս կամ այն կերպ ծառայեցվում է հանրությանը, քաղաքացիներին։
Սույն թվականի մարտի 15-ին բազմաթիվ երիտասարդ ընտանիքներ հնարավորություն ունեցան շրջայց կատարելու իրենց համար Ահարոնյան փողոցում կառուցվող Զեյթուն 3 համալիրում։
Կասկածելի զուգադիպությամբ ճիշտ նույն օրը հետաքննող լրատվամիջոցներից մեկը անդրադառնում է Զեյթուն 3 համալիրի հողահատկացման հետ կապված, նորելուկ պաշտոնյայի միակողմանի, մաղձոտ, կիսատ-պռատ եւ իրավական առումով մանիպուլացված դիտարկումների հիման վրա ընթացող քննությանը։
Կարեւոր մի հանգամանքի մասին շատ համառոտ. նշված հողամասը 100 տոկոսով օգտագործվել է իր բուն նպատակային նշանակությանը համապատասխան, անկախ դրանից այդպիսի պահանջ պետական մարմինը ամրագրել է պայմանագրում, թե ոչ։ Դրա վառ ապացույցը օրենքին համապատասխան կնքված պայմանագրերն են եւ շինարարության ակտիվ ընթացքը, որը հօդս է ցնդեցնում հողահատկացման հարցը քաղաքականացնելու եւ ծրագրի բնականոն ընթացքը խաթարելու ոմանց հիվանդագին ու երեւակայական փորձերը։
Կառուցվող բնակարաններն օտարվել են ծրագրի շահառուներին եւ նրանց մեծ մասը բնակարանի գնման իրավունքը եւ հողամասի համապատասխան բաժնեմասի սեփականության իրավունքը 30 տարով, տարեկան 6,9% տոկոսադրույքով, բնակարանի արժեքի ընդհուպ մինչեւ 97% գումարի չափով վարկ ստանալու համար, օրենքով սահմանված կարգով գրավադրել է բանկում։
Ախր հարգելիներս, այդ մարդիկ էլ Ձեզ պես ապրում են բնակարանամուտի սպասման երազանքով։ Ինչպես կարելի է էժանագին մեթոդներով փորձել փշրել մարդկանց երազանքն ու խուճապ հրահրել… Ի դեպ, Ավան 3-ի հողակտորը եւս ձեռք էր բերվել կադաստրային արժեքով։
Եվ վերջում. մեր կազմակերպությունը բարեխիղճ գնորդ է եւ հողակտորը ձեռք է բերել կառավարության համապատասխան որոշման հիման վրա։ Ինչպիսին են այդ որոշման հիմքերը, կներեք, բայց հարցադրման հասցեատերը մեր կազմակերպությունը չէ։
Կառավարության որոշումները կոլեգիալ քննարկման արդյունք են եւ ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս անցնում են իրավական փորձաքննության մի քանի մակարդակ եւ միջգերատեսչական համաձայնեցումների փուլեր։
Մենք հաստատակամ ենք եւ հաջողությամբ շարունակելու ենք մեր աշխատանքները եւ նույն հաջողությամբ մեր բոլոր ծրագրերը հասցնելու ենք տրամաբանական ավարտին՝ մեր հարգարժան խմբագրի եւ իր լրատվամիջոցի թղթակցի ապրած բնակարանամուտի հաճելի համանման ապրումներ պարգեւելով մեր հազարավոր շահառուներին նույնպես։ Այսինքն ավարտելու ենք այս հողակտորի գնմամբ ստանձնած մեր պարտավորությունը եւս, ի հեճուկս ոմանց ինքնահաստատման անհաջող ու պրիմիտիվ փորձերի»:





























