Թամանյանական նախագծին 2019 թվականին վերադառնալը շատ բարդ է, այլ բան է՝ թամանյանական ճարտարապետական արժեքային համակարգին վերադառնալը: Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, Երեւանի հատակագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան առիթով Կոմիտասի անվան պանթեոն այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
Նրա խոսքով, ճարտարապետությունը երբեք չի կանգնում, զարգանում է, ձեւափոխվում է. «Որպես մեր կյանքի իրավիճակ եւ միջավայր, որի մեջ մենք ապրում ենք, եթե կարողանանք այդ թամանյանական ազնվությունը պահել, կլինի շատ լավ»:
«Խոսքը քաղաքային զգացողության միջավայրը պահելու մասին է: Դուք քաղաքը չեք կարող նույն ձեւի պահպանել: Մեր կյանքը փոխվել է, ուրիշ վիճակում ենք հիմա ապրում: 30 հազարանոց քաղաք չենք էլ: Կարեւորը միջավայրը, որի մեջ ձեզ պարգեւած է ապրել, լինի այն աստիճան սիրված ու գրագետ, ոնց որ ժամանակին մտածում էր Թամանյանը»,-ընդգծեց Արթուր Մեսչյանը:
Նշենք, որ ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, ճարտարապետության ակադեմիկոս, Երեւանի հատակագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան առիթով Կոմիտասի անվան պանթեոն են այցելել ճարտարապետներ, ուսանողներ եւ հարազատներ`ճարտարապետի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար:





























