Ակնկալում ենք մարտի 23-ին համապետական մարքության օրը 125-150 հազար քաղաքացու մասնակցություն: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով, այդ օրը կաշխատի 1700 միավոր տեխնիկա, կփակվեն 6 աղբանոցներ եւ շուրջ 447 աղբակույտեր, որոնք Հայաստանում առկա են:

«Հայաստանում կա 339 աղբանոց, որոնցից ոչ մեկը չի համապատասխանում միջազգային ստանդատներին: Սրանք լոկալ աղբանոցներ են, հաճախ փորված են համայնքապետի հայեցողությամբ, երբեմն ծածկվում են, երբեմն ոչ: Իհարկե, կան նաեւ սովորույթով հաստատված աղբանոցներ, որոնք մոտակա ձորակներն են եւ բոլոր հնարավոր տեղերը, որորնք աչքից հեռու են եւ կարելի է թաքցնել աղբը»,-ասաց նախարարը:

Նա ընդգծեց, որ իրենք չգիտեմ Հայաստանում աղբի քանակի ու կառուցվածքի մասին տեղեկությունները. «Կառավարությունն ուսումնասիրություն է սկսել, որը կատարելու է բրիտանական մի ընկերություն: Այս ընկերությունը կիրականացնի թե աղբի կառուցվածքի, թե քանակի ուսումնասիրություն, թե տաևրեկան Հայաստանում ինչքան աղբ է կուտակվում: Սրանից ելնելով մենք կարող ենք աղբահանության ոլորտում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող գործընկերներին ներկայացնել իրական պատկերը»,-ասաց Պապիկյանը: