Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը համակարգում է գազալցակայաններում հասարակական զուգարանների բարվոք վիճակի բերելու խնդիրը: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ դա զբոսաշրջիկի աչքերով Հայաստանի մասին պատկերացում կազմելու տեսանկյունից էական նշանակություն ունի:
«Այդ ԱԳԼՃԿ-ների 90 տոկոսը ոչ բարվոք վիճակում է, չնայած տնտեսվարողներն օրենքով սահմանված կարգով պարտավոր են ունենալ բարվոք վիճակում գտնվող սանհանգույցներ: Հիմա դրանք գտնվում են վերանորոգման փուլում: Նպատակն այն է, որ գազալցակայանները, որոնք գտնվում են միջպետական ճանապարհներին ունենանք բարվոք սանհագույցներ, ունենանք դրանց տեղորոշումը նշող որոշակի զինվածությունը, այսինքն ցուցանակ, որ այդտեղ կա հասարակական զուգարան»,-ասաց նա:
Նշենք, որ կառավարության այս նախաձեռնությունը դժգոհությունների առիթ է տվել գազալցակայանների տերերի շրջանում, որոնք չեն ցանկանում իրենց միջոցներով բարեկարգել զուգարանները՝ նշելով, որ դա լրացուցիչ բեռ է իրենց համար:





























