ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ սկսվել է այլընտրանքային էներգաաղբյուրների հայթայթման մրցավազք, եւ Հարավային Կովկասում ընթացող բոլոր գործընթացները հարկավոր է դիտարկել հենց այդ համատեքստում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Պոլիտէկոնոմիկա» հետազոտական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը՝ մեկնաբանելով մինչեւ 2015 թվականը Վրաստանի տարածքում ռազմական հենակայաններ տեղակայելու Պենտագոնի մտադրության մասին տեղեկությունը։
"Այո, իհարկե, Վաշինգտոնը հրաժարվեց Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելուց, սակայն չի հրաժարվել իր երկարաժամկետ ծրագրերից ընդհանրապես։ Ե՛վ Վրաստանում ռազմական հենակայանների տեղակայման Վաշինգտոնի երկարաժամկետ ծրագրերը, ե՛ւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ակտիվացված գործընթացը այն փաթեթի բաղկացուցիչ մասն են, որը կոչվում է «այլընտրանքային մեծ էներգափաթեթ»,- հայտարարել է նա։
Փորձագետի պնդմամբ, ԱՄՆ-ը փորձում է միաժամանակ լուծել Հարավային Կովկասի բոլոր խնդիրները, դրանով իսկ իր գերիշխանությունը ապահովելով տարածաշրջանում եւ եւս մեկ քայլ անելով դեպի բաղձալի էներգապաշարները։ Ընդ որում, Թեւանյանն ընդգծել է, որ հենակայանները չեն ուղղվելու որեւէ կոնկրետ երկրի դեմ, պարզապես դրանք Վաշինգտոնին կմոտեցնեն Միջին Ասիայի ու Ադրբեջանի էներգապաշարներին։
Խոսելով Պենտագոնի Հարավային Կովկասում ունեցած ծրագրերի մասին, նա ընդգծել է, որ Վրաստանում ամերիկյան հենակայանների տեղակայումը լրացուցիչ բաժանարար գծեր կստեղծի տարածաշրջանի անվտանգության համակարգում, հաշվի առնելով այն, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։ Միաժամանակ նա կասկած է հայտնել, որ Վաշինգտոնին հեշտությամբ կհաջողվի իր ծրագրերն իրականացնել Հարավային Կովկասում։
«Ճշմարիտն ասած, ես չեմ կարծում, որ Ռուսաստանն այդքան արագ կհանձնվի եւ հեշտությամբ իր դիրքերը կզիջի Վաշինգտոնին։ Առայժմ Վրաստանում ամերիկյան հենակայանների տեղակայման հեռանկարը բավական մշուշոտ է»,- նշել է Թեւանյանը։ Ընդ որում, նա ընդգծել է, որ տարածաշրջանում ծավալված սպառազինությունների մրցավազքը հակասում է Հարավային Կովկասի երկրների շահերին։ «Հայաստանն ու տարածաշրջանի մյուս երկրները պետք է փորձեն ձերբազատվել երրորդ երկրների „ռազմական բեռից“ եւ թույլ չտան, որպեսզի տարածաշրջանը վերածվի գերտերությունների ռազմական հզորության ցուցադրման ասպարեզի»,- հայտարարել է նա։
Նշենք, որ ԶԼՄ-ների տեղեկության համաձայն, Պենտագոնը նախապատրաստում է համաձայնության մի նախագիծ, ըստ որի՝ մինչեւ 2015 թվականը Վրաստանի տարածքում պետք է տեղակայվեն ԱՄՆ-ի երկու ցամաքային ու մեկ ծովային ռազմական հենակայաններ։ Վրացական կողմի հետ համաձայնության ձեռք բերման դեպքում, հենակայանների շինարարությունը կսկսվի 2014 թվականին ու կավարտվի 2015-ին։ Ծրագիրը նախատեսում է 25-հազարանոց ամերիկյան համակազմի տեղակայում։




























