Մանկական սննդի արտադրողները հայտնում են մատակարարումնեևի հնարավոր խափանումների մասին անասնաբուժական հսկողության խստացման պատճառով, որը  Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ կսկսի գործել այս տարվա ապրիլից: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ» թերթը՝ հղում կատարելով ընկերությունների ներկայացուցիչներին:

Հսկողության խստացումը վերաբերում է ներմուծվող արտադրանքին, որում կենդանական ճարպը փոխարինված է բուսակայն յուղով: Այս կատեգորիայի մեջ են մտնում դիետիկ, այդ թվում մանկական սնունդը, ինչպես նաեւ մի շարք սննդային կենսաբանական ակտիվ հավելումներ: Այս մասին հրատարակությանը հայտնել է ՌԴ մանկական սննդի խոշորագույն արտադրողներից մեկի՝ Danone-ի ՌԴ-ում եւ ԱՊՀ-ում կորպորատիվ հարաբերությունների հարցերով տարածաշրջանային փոխնախագահ Մարինա Բալաբանովան:

Ընդ որում շուկայում որոշ կատեգորիաների ապրանքների համար ներմուծման մասնաբաժինը հասնում է 90 տոկոսի: Սահմանափակումները վերաբերում են նաեւ այդ ապրանքների արտադրության համար օգտագործվող բաղադրիչներին, հավելել է նա:

Մաքսային միության հանձնաժողովի որոշման նախագծի համաձայն՝ նման արտադրանքի համար անհրաժեշտ կլինի  անասնաբուժական հավաստագիր եւ  ներկրման թույլտվություն ձեւակերպել: Արտադրողները պետք է ընդգրկված լինեն  երրորդ երկրների ձեռնարկությունների ռեեստրում:

Մատակարարները եւ ներմուծողները պատրաստ չեն նման պահանջներին: Այս մասին հրատարակությանն  ասել է մեկ այլ խոշոր արտադրողը՝ Nestle-ն:

Թույլատրական փաստաթղթերի ձեւակերպումը կարող է մեկ տարի զբաղեցնել, ասել են Եվրոպական բիզնեսի ասոցիացիայում:

Danone-ում առաջարկում են ապրանքների ցանկից հանել 50 տոկոսից քիչ կենդանական ճարպ պարունակող ապրանքները եւ առնվազն 2.5 տարի անցումային շրջան հաստատել:

 Գյուղատնտեսության նախարարությունից «Կոմերսանտին» ասել են, որ մանկական եւ բուժական սննդի նկատմամբ հսկողության ուժեղացումը պետք է անվտանգություն ապահովի եւ թույլ կտա ավելի արդյունավետ հայտանբերել կեղծված ապրանքները: Գերատեսչությունում հավաստիացնում են, որ այս միջոցները չեն վերաբերի բարեխիղճ մատակարարներին: