Կուրսային եւ դիպլոմային աշխատանքների վաճառքի գովազդն արգելելու այս նախաձեռնությունը ընդամենը նախազգուշական միջոց է, եւ վարչական տուգանք է սահմանվելու դրա համար, իսկ հաջորդ փուլում «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում եւ «Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարվի եւ ընդհանրապես արգելվի նման կազմակերպությունների գոյությունը: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, ով այդ նախագծի հեղինակներից է:
«Մենք հասկանում ենք, որ այսօր այդ գործիքակազմը չկա, որ ինտերնետ դաշտում արգելվի, եւ նաեւ դրա համար սա ավելի շատ գտնվում է բուհերի դաշտում: Բուհերը պետք է շահագրգիռ լինեն հակագրագողության գործիքների տեղադրմամբ եւ գրագողության դեպքերի բացահայտմամբ: Միջոցը էլեկտրոնային եւ հակապլագիատ գործիքներն են, որ երբ ուսանողը ներբեռնի աշխատանքը, միանգամից համակարգը ցույց տա, որ այն պլագիատ է»,-ասաց նա՝ հավելելով, որ այս նախագծով նախաձտեսվում է տուգանք 100 հազար դրամի չափով:
«Շատ անբարեխիղճ մարդիկ`դասախոսներ, լաբորանտներ եւ այլն, համագործակցում են այդ կազմակերպությունների հետ եւ պատրաստի աշխատանքներն ամբիոնից տրամադրում են այդ կազմակերպություններին, եւ դրանք էլ ծիծաղելի ցածր գներով վաճառում են ուսանողների վրա»,-ասաց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, օրինակ, Ամերիկյան համալսարանում կա այդ գործիքը. «Ուսանողները ներբեռնում են աշխատանքները, ես բացում եմ այդ գործիքը եւ ցույց է տալիս՝ 26 տոկոսով պլագիատ: Արտասահմանյան հեղինակավոր բուհում պլագիատի համար ուսանողին միանգամից բուհից կհեռացնեին»:





























