Հայաստանի նախկին իշխանությունների օրոք ներդրումները խթանվում էին միայն թղթի վրա, մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Նրա խոսքով՝ չնայած իրականացվել են բազմաթիվ քննարկումներ եւ հանդիպումներ, ընդունվել օրենքներ, Հայաստանում հիմնականում ավելի շատ ստեղծվել են խոչընդոտներ օտարերկրյա ներդրումների ներգրավման համար, քան թե նախաձեռնվել են դրանց խթանման քայլեր։ «Երկար տարիներ Հայաստանում տարատեսակ խոչընդոտներ են ստեղծվել, որոնք թույլ չեն տվել ավելի շատ ներդրումներ ներգրավել։ Դրանց թվում կարելի է առանձնացնել հովանավորչական քաղաքականությունը, որը պայմանավորված էր խոշոր մոնոպոլիստների առկայությամբ, որոնք սերտ կապեր ունեին իշխանությունների հետ։ Բացի այդ, գոյություն ունի մատչելի հողի կամ գույքի ձեռքբերման խնդիրը, քանի որ դրանք գտնվում են խոշոր օլիգարխների ձեռքում։ Այլ խոչընդոտներ են բարդությունները Հայաստանից արտարժույթի փոանցման հետ կապված, ինտելեկտուալ կարողության ցածր մակարդակը, ինչպես նաեւ արբիտրաժային դատավարության ոլորտի թերությունները»,- նշել է նա։
Փորձագետն ընդգծել է, որ արտաքին ներդրողների համար արտոնությունների բացակայությունը եւ վարչարարության խնդիրները դեռեւս այն գլխավոր գործոններն են, որոնք խանգարում են մեր ներդրումների ներգրավմանը. «Հայաստանը, որը լուրջ օգտակար հանածոների պաշարներ չունի, պետք է մրցակցային լինի որակյալ աշխատուժի տեսակետից, ինչը չկա։ Բացի այդ, կա նաեւ օտարերկրյա աշխատուժի ներգրավման խնդիրը»,- ամփոփելէ Գագիկ Մակարյանը։





























