Ցանկացած մեծ ռեֆորմ, որ կառավարությունը կառաջարկի, մենք կներկայացնենք դրա վերաբերյալ մեր տարբերակը, մեր մոտեցումը: Այս մասին, այսօր՝ մարտի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ այս մոտեցումը դեռ «Ելք» դաշինքի ժամանակվանից կա, որ ոչ թե պարզապես քննադատեն իշխանություններին, այլեւ այլընտրանք առաջարկեն:
Անդրադառնալով «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքի փոփոխությունների առաջարկվող նախագծին, որով առաջարկվում է նախարարությունների թիվը 17-ից կրճատել 12-ին, Մարուքյանն ասաց. «Այդ կրճատումն ունի տեխնիկական բնույթ: Այսինքն նախարարությունների թիվը կրճատել, ցույց տալ, որ թիվը կրճատվել է, բայց բազմաթիվ հարցերի պատասխաններ չկան: Կարեւոր հարցը հետեւյալն է՝ արդյոք այդ փոփոխությունը բերում է նրան, որ ուղիղ մեկ տարի առաջ փետրվարին ընդունված օրենքներով սուպերվարչապետական համակարգը վերափոխվի, արդյոք այս փոփոխություններով գործադիր իշխանության մարմիններն ավելի հաշվետու են դառնում խորհրդարանին, թե ոչ: Եվ երրորդ, արդյոք արդյունավետ է այդպիսի կառավարություն ունենալ, եւ արդյոք կառավարության առջեւ դրված խնդիրները կարող են լուծվել այս տարբերակով»,-ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավարը՝ նկատելով, որ կառավարության նախագծում չկան այդ երեք հարցերի պատասխանները:
Այնուհետեւ Մարուքյանը ներկայացրեց իրենց առաջարկած տարբերակը, որտեղ վարչապետին ու կառավարությանը ենթակա մարմիններ չեն լինելու. «Բոլորը ներառված են կառավարության հիմնական կառուցվածքի մեջ: Բոլորի համար կան քաղաքական պատասխանատուներ, որով լուծվում է խորհրդարանական վերահսկողության, խորհրդարանական երկիր լինելու խնդիրը»:
Մարուքյանը նշեց, որ վարչապետի աշխատակազմում սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակը եւս դուրս է մնում խորհրդարանական վերահսկողությունից:
«Մենք առաջարկում ենք հանձնակատարի գրասենյակի փոխարեն մեկ փոխվարչապետին վերապահել հայրենադարձության եւ սփյուռքի հարցերը: Այսինքն, ըստ էության պահպանել երեք փոխվարչապետների հաստիքները, եւ սփյուռքի հետ շփման մակարդակը ավելի բարձրացնել: Այսինքն նույն գրասենյակը կարող է սպասարկել փոխվարչապետին: բացի այդ, փոխվարչապետը կառավարության անդամ է, հետեւաբար, սփյուռքի հարցերով եւս կառավարությունը հաշվետու կլինի խորհրդարանին»:
ԼՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ իրենք առաջարկում են պահպանել գյուղնախարարությունը եւ մշակույթի նախարարությունը:
«Մի երկրում, որտեղ ՀՆԱ 16 տոկոսը գյուղատնտեսության ոլորտից է, կրճատել այդ ոլորտը կանոնակարգող նախարարությունը, սխալ է: Մեզ համար ընդունելի չեն փաստարկները, թե տեսեք, նախկինում գյուղնախարարությունը վատ է աշխատել: Հիմա կարելի է պահպանել նախարարությունն ու լավ աշխատել:
Մենք նաեւ պահպանում ենք մշակույթի նախարարությունը: Մեր առաջարկած կառուցվածքով լինում է 14 նախարարություն»:





























