ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դեռ աշխատում է, որպեսզի պարզի եւ պատասխանատվության ենթարկի ցանկացածին, ով մեղավոր է լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության համար: Կոնգրեսում ելույթ ունենալով այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հաղորդում է Reuters-ը:
Պոմպեոն ասել է, որ պարտավորվում է պատասխանատվության ենթարկել ցանկացածին, ով մեղավոր կճանաչվի, անգամ ամենաբարձրաստիճան պաշտոնյաներին:
Սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Խաշոգջին անհետացել էր անցյալ տարվա հոկտեմբերի 2-ին: Վերջին անգամ նրան տեսել էին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության շենքի մուտքի մոտ:
Թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ Խաշոգջին սպանվել է հյուպատոսությունում: Նա սպանվել է Ռիադից Ստամբուլ ժամանած հատուկ ջոկատի անդամների կողմից:
Սաուդյան Արաբիայի իշխանություններն ավելի քան 2 շաբաթ համառորեն հերքում էին սպանության փաստը: Ի վերջո, նրանք խոստովանել էին, որ Խաշոգին սպանվել է, բայց նշել էին, որ դա «պատահական» է տեղի է ունեցել՝ նրան հայրենիք վերադառնալու մասին «համոզելու» ժամանակ: Գործի շրջանակում կալանավորվել է 11 մարդ:
Թուրքական իշխանությունները հայտարարել էին սպանությանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանի ներգրավվածության մասին: Որոշ չափով այս տարբերակը աջակցել էր ամերիկյան հետախուզությունը, ենթադրելով, որ նույնիսկ եթե Մուհամմեդը սպանելու հրաման չի տվել, նա այդ ամենի մասին իմացել է:
Խաշոգջիի մարմինը դեռ չի հայտնաբերվել:




























