Հուսով եմ, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում  1-1.5 ամսվա ընթացքում կսկսվի իրական աշխատուժի ներգրավման գործընթացը եւ մարդիկ կսկսեն աշխատել: Այս մասին մարտի 28-ին Ազգային ժողովում կառավարության 2018 թվականի գործունեության մասին հաշվետվության քննարկման շրջանակում, պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանի հարցին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, նախօրեին նրան զեկուցել են, որ վարչական կարգի խնդիրները արդեն լուծվում են, որից հետո կանցնեն հաջորդ փուլին:

Վարչապետն անդրադարձավ նաեւ երկաթի հանքավայրերի խնդիրներին, որոնք շահագործման համար լիցենզիա ունեն, սակայն երկար տարիներ չեն շահագործվել: «Ինչ վերաբերում է երկաթի հանքավայրերին, ապա կարեւոր է որոշ օրենսդրական փոփոխությունների կատարումը մեր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համար, որպեսզի հաջորդ անգամ մենք չբախվենք  նույն իրավիճակին», - ասաց վարչապետը:

Նա նշեց, որ անհրաժեշտ է ստեղծել այնպիսի համակարգ, որը կբացառի բոլոր կոռուպցիոն ռիսկերը եւ որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը հուսալի լինի: «Որպեսզի մենք այս  ամենի շնորհիվ կարողանանք կոնկրետ որոշումներ կայացնել այդ փաստաթղթերի հիման վրա», - եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: