Ապրիլի 3-ից ռումինական «Tarom-Romanian Air Transport» պետական ավիաընկերությունը Բուխարեստից Երեւան ուղիղ չվերթներ կիրականացնի:
Շնորհանդեսին ներկա են եղել Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, Տրանսպորտի, կապի եւ բարձր տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչներ, դեսպաններ, ՀՀ խորհրդարանի պատգամավորներ:
Ռումինիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը նշեց, որ ուղիղ թռիչքների իրականացումը թույլ կտա զարգացնել եւ ընդլայնել առեւտրատնտեսական, այդ թվում `զբոսաշրջային կապերը:
«Բացի այդ, դա թույլ կտա քաղաքական հարաբերությունների զարգացման ակնկալիք ունենալ», -հավելել է դեսպանը:
Ավիատոմսերի արժեքը կսկսվի 165 եվրոյից: Թռիչքները կանոնավոր կլինեն, սկզբում` շաբաթը երկու անգամ:
«Tarom-Romanian Air Transport»-ը Ռումինիայի ազգային փոխադրողն է: Ընկերության բաժնետոմսերի 95 տոկոսը պատկանում են Ռումինիայի կառավարությանը եւ ընդգրկված են աշխարհում մեծությամբ երկրորդ ավիացիոն դաշինքի՝ Sky Team-ի կազմում:
Ավիաընկերությունը 49 ուղղություններով չվերթներ է իրականացնում եվրոպական երկրներ, ինչպես նաեւ Հյուսիսային Աֆրիկա եւ Մերձավոր Արեւելքի երկրներ:





























