Երեւանում այսօր՝ ապրիլի 3-ին կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Ռումինիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջեւ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՅՅ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ռումինականը` Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Դան Նեկուլաեսկուն: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են հայ-ռումինական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, կողմերն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին, ինչպես նաեւ՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների գործակցության ընդլայնման հեռանկարներին: Ողջունելով եւ խորհրդանշական որակելով Բուխարեստ-Երեւան առաջին ուղիղ չվերթով ռումինական պատվիրակության ժամանումը Հայաստան՝ փոխնախարար Ադոնցը նշել է, որ այն կարեւոր դերակատարություն կունենա երկկողմ հարաբերություններում առեւտրատնտեսական, զբոսաշրջության, կրթամշակութային համագործակցության ակտիվացման գործում: Զրուցակիցներն անդրադարձել են ընթացիկ տարվա աշնանը ՀՀ ԱԳ նախարարի Ռումինիա նախատեսվող այցի մանրամասներին: Կողմերը վերահաստատել են երկկողմ տնտեսական ու մշակութային հարուստ օրակարգ ձեւավորելու իրենց պատրաստակամությունը:
Շնորհավորելով Ռումինիային ԵՄ խորհրդում նախագահությունը ստանձնելու առթիվ՝ փոխնախարար Ադոնցը հաջողություն է մաղթել Եվրոպական օրակարգն արդյունավետորեն իրականացնելու համար՝ նշելով, որ Հայաստանը նշում է Արեւելյան գործընկերության շրջանակներում ԵՄ-ի հետ իր համագործակցության 10-ամյակը:
Ռումինիայի ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանն ընդունել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը եւ արտաքին հարաբերությունների եւ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Ռուբեն Ռուբինյանը եւ Արման Եղոյանը, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ քաղաքական եւ առեւտրատնտեսական հարաբերությունների ակտիվացմանն առնչվող հարցեր:





























