NEWS.am-ը Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի տարեդարձին նվիրված «Նրանք չվերադարձան մարտի դաշտից» նախագծի շրջանակում ներկայացնում է հայ ժողովրդի մի քանի զավակների սխրանքը։ Ցավոք, նրանց բոլորին թվարկելն անհնար է։ NEWS.am-ը շնորհակալություն է հայտնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմապատմական թանգարանին՝ օժանդակության համար։
Խորհրդային Միության հերոս Գարեգին Շեհիի Բալայանը ծնվել է 1912 թվականի փետրվարի 28-ին Լեռնային Ղարաբաղի Գյուլիստան գյուղում: Վորոնեժի ճակատի 3-րդ գվարդիական տանկային բանակի 69-րդ մեքենայացված բրիգադի 1-ին մոտոհրաձգային գումարտակի հրամանատարն էր, կապիտան: 1943 թվականի սեպտեմբերի 22-ին Ուկրաինայի Չերկասի մարզի Կանեւի շրջանում գումարտակի 2 վաշտի հետ առաջինների թվում է կատարել Դնեպրի գետանցումը, տիրել է Զարուբինցի գյուղի մոտ պլացդարմին եւ ապահովել բրիգադի զորամասերի գետանցումը:
1943 թվականի սեպտեմբերի 25-ին զոհվել է մարտի դաշտում՝ պլացդարմը պաշտպանելիս: Թաղված է Ուկրաինայի Կիեւի մարզի Կանեւի շրջանի Զարուբինցի գյուղում: ԽՍՀՄ պաշտպանության նախարարի N 236 10.11.1972 թ. հրամանով կապիտան Բ. Շ. Բալայանի անունը հավերժորեն նշված է 1-ին մոտոհրաձգային գումարտակի N58731 զորամասի ցուցակում:



























