Բրյուսելում այսօր՝ մարտի 8-ին, 2008 թվականից ի վեր առաջին անգամ Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ բանակցություններ կսկսվեն։ Բելգրադի կողմից պատվիրակությունը կգլխավորի ԱԳ նախարարության քաղաքական տնօրեն Բորիսլավ Ստեֆանովիչը, Պրիշտինայի կողմից՝ փոխվարչապետ Էդիտա Թահիրին։ Բանակցությունները կընթանան ԵՄ ներկայացուցիչ Ռոբերտ Կուպերի միջնորդությամբ։

Սերբական եւ կոսովական պատվիրակությունների հանդիպումը կտեւի երկու օր, հայտնում է Associated Press-ը։ Սպասվում է, որ կողմերը կքննարկեն տեխնիկական խնդիրներ։ Քաղաքական խնդիրները նպատակաուղղված կմղվեն երկրորդ պլան։

Պրիշտինան հրաժարվում է քննարկել Սերբիայից այդ տարածքի անկախությունը վիճարկող ցանկացած հարց։ Բելգրադն ավելի վաղ հասկացնել էր տվել, որ պատրաստ է գնալ փոխզիջումների՝ պայմանով, որ որոշակի վերահսկողություն  կունենա Կոսովոյի այն  տարածքների վրա, ուր սերբ բնակչություն է ապրում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Կոսովոյի խորհրդարանը 2008 թվականի փետրվարի 17-ին հայտարարել էր երկրի անկախության մասին։ Բելգրադը մինչ օրս այդ երկրամասը համարում է իր տարածքը։ Կոսովոն անկախ երկիր են ճանաչել ՄԱԿ-ի անդամ 192 երկրներից 75-ը, այդ թվում՝ ԱՄՆ-ն եւ եվրոպական շատ երկրներ։