Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի կանայք պետք է միավորվեն «Ո՛չ պատերազմին» կարգախոսի ներքո։ Այս մասին մարտի 8-ին Երեւանում  տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց բելգիացի սենատոր Դոմինիկ Թիլմանսը։

Նրա խոսքով, չնայած ղարաբաղյան հակամարտությունը մեծ ցավ է պատճառել երկու երկրների կանանց, սակայն շատ կանայք պատրաստ են իրենց մեջ խեղդել պատերազմի պատճառած ցավը եւ տառապանքները եւ հանուն խաղաղության ձեռնամուխ լինել կառուցողական երկխոսության եւ տարածաշրջանի տնտեսական զարգացմանը։

Թիլմանը հաղորդեց, որ ծրագրի նպատակը Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին համատեղելն է, որպեսզի նրանք միասնական ուժերով ազդեցություն ունենան  ղարաբաղյան հակամարտության քաղաքական կողմի վրա։ «Վերջերս Ժնեւում երեք երկրների ներկայացուցիչների միջեւ հանդիպում անցկացվեց։ Սկզբում կարծրատիպերով պայմանավորված դժվարություններ եղան, սակայն այդ խոչընդոտներն աստիճանաբար հաղթահարվեցին»,- նկատեց սենատորը։