Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի համար 2010 թ. Հայաստանի պետական բյուջեից տրամադրվել է 57,4 մլն դրամ (մոտ 158 հազ. դոլար), սակայն օգտգագործվել 38,2 մլն դրամը (մոտ 105 հազ. դոլար)։ Այդ մասին նշված է տարածքային կառավարման նախարարության կողմից կառավարություն ներկայացրած հաշվետվության մեջ։ Բյուջեն հիմնականում թերակատրվել է մանկատան շրջանավարտներին աջակցություն տրամադրելու մասով, իսկ առողջապահության նախարարությունն ու սպորտի ու երիտասարդության նախարարությունն ընդհանրապես գումարներ չեն ստացել։
2011 թ. թրաֆիկինգի դեմ պայքարի բյուջեն էապես ընդլայնվել է, թեեւ հույս չկա, որ այն 100 տոկոսով կկատարվի։ Առավել եւս, որ նորահաստատ ծրագրի որոշ հոդվածներ այնքան էլ վստահություն չեն ներշնչում։ Ընդհանուր առմամբ՝ հատկացվել է 97 մլն դրամ (մոտ 267 հազ. դոլար)՝ 1,7 անգամ ավելի շատ, քան 2010 թ.։ Այդ գումարի գրեթե մեկ երրորդը ծախսվելու է թրաֆիկինգի զոհերին սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցելու վրա, այնինչ նախորդ տարի այդ նպատակով հատկացվել էր ընդամենը 6 մլն դրամ (մոտ 16,5 հազ. դոլար)։ Ըստ երեւույթին մեր որոշ հոգեբաններ այս ծրագրում մի լավ ձեռքները կշփեն, սակայն դրանից Թուրքիա ու արաբական երկրներ մեկնող մարմնավաճառների թիվը չի պակասի։
Նշենք, որ 2010 թ. ոստիկանության կողմից 11 քրեական գործ է հարուցվել կանանց պոռնկության շահագործման մասով։ Դրանցից 5-ը վերաբերել են ներքին թրաֆիքինգի դեպքերին, 1-ով շահագործումը իրականացվել է եւ Թուրքիայում, եւ ՀՀ-ում, 1-ով նպատակակետ երկիր է հանդիսացել Թուրքիան, 4-ով` ԱՄԷ-ն:
Եւս մեկ քրեական գործ հարուցվել է անչափահասին պոռնկության մեջ ներգրավելու համար։ Երեխայի առուվաճառքի հետ կապված ավարտվել է 2009 թ. սկսած քրեական գործը, որի նյութերն ուղարկվել են դատարան։




























